ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Ներկա իրողություններում Հայաստանը չի կարող մրցել եվրոպական երկրների հետ և լրացուցիչ հարկ սահմանել զբոսաշրջության ոլորտում։
Եթե իշխանությունները որոշել սահմանել City Tax, ապա այն առնվազն կառաջացնի զբոսաշրջիկների դժգոհությունը կամ ընդհանրապես կվանի նրանց։ Դրանում համոզված են Sputnik Արմենիային կողմից հարցված հյուրանոցային ոլորտի ներկայացուցիչները, տուրօպերատորները և զբոսաշրջության ոլորտի փորձագետները։
Ավելի վաղ ԶԼՄ–ներում տեղեկություն է հայտնվել այն մասին, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը մտադիր է օրենքի նոր նախագիծ նախաձեռնել` լրացուցիչ քաղաքային հարկ կամ City Tax սահմանելու մասին։ Ենթադրվում է, որ զբոսաշրջիկը, օգտվելով հյուրանոցի կամ հյուրատան ծառայություններից, օրական լրացուցիչ կվճարի 1-1,5 դոլար։ Այդ գումարը կտրամադրվի զբոսաշրջության զարգացման համար հատուկ ստեղծված հիմնադրամին։
Օրինակ` Եգիպտոսում յուրաքանչյուր զբոսաշրջիկ վճարում է միանգամից 7 դոլար, Եվրոպայում զբոսաշրջիկը մեկ գիշերվա համար վճարում է 0,5-5 եվրո։
Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանն առաջարկում է ամեն ինչ ծանրութեթև անել և միայն դրանից հետո որոշել` արդյոք արժի գնալ դրան։
«Ստացվում է, որ մենք դրանով սահմանում ենք լրացուցիչ հարկ, դա ծանրաբեռնվածություն է ինչպես զբոսաշրջիկի, այնպես էլ տնտեսվարող սուբյեկտի վրա։ Իսկ հարևան Վրաստանում ամեն ինչ արվում է տվյալ ոլորտում հարկը թեթևացնելու համար», – ասաց Ապրեսյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում։
Միաժամանակ ռեեստրում չկան կոնկրետ տվյալներ, թե քանի հյուրանոց կա Հայաստանում, ավելին, երկիր մուտք գործող քանի զբոսաշրջիկ է օգտվում դրանց ծառայություններից։ Այսպիսով, եթե City Tax–ը վերաբերի միայն հյուրանոցներին, ապա կստացվի, որ զբոսաշրջիկների մի մասն ուղղակի փող չի վճարի։
Արմեն Սարգսյանի այցից լոռեցիները ոգևորվել են. նրանք գիտեն զբոսաշրջիկ «որսալու» եղանակները
Ապրեսյանը նաև կարծում է, որ նշված 1-1,5 դոլարը այնքան փոքր գումար է, որ դա ոչ մի խնդիր չի լուծի։ Իսկ այդ հարկը հավաքելու համար պետք է ներգրավել լուրջ վարչական ռեսուրս։
«Հարկը կարող է գործել այն դեպքում, եթե լրացուցիչ բեռ չդառնա տնտեսվարող սուբյեկտների համար։ Միաժամանակ այդ գումարը պետք է բաշխվի համայնքների միջև` մարզերում զբոսաշրջության և ենթակառուցվածքի զարգացման համար», – ասաց Ապրեսյանը։
Իր հերթին National հյուրանոցի վաճառքի գծով մենեջեր Լիլիթ Թորոսյանը վստահ է, որ Հայաստանի համար դեռ վաղ է նման նախաձեռնություններով հանդես գալը, քանի որ երկիրը պետք է ամեն ինչ անի ավելի շատ զբոսաշրջիկներ ունենալու համար։
«Դա իսկապես տարածված մեթոդիկա է, հատկապես Եվրոպայում։ Սակայն մենք առայժմ չենք կարող համեմատվել այդ երկրների հետ։ Մենք նման զբոսաշրջային հոսք չունենք և զբոսաշրջիկների կարիք ունենք։ Մենք դեռ չենք կարող մեր կանոնները թելադրել զբոսաշրջիկներին և առայժմ ստիպված ենք հարմարվել նրանց», – ասաց Թորոսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում։
Նրա խոսքով` հարկի այդ տեսակը կարող է սահմանվել այն բանից հետո, երբ զբոսաշրջության ոլորտում խնդիրների առյուծի բաժինը կլուծվի։ Այդ թվում` կկարգավորվի աշխարհում Հայաստանի ճանաչելիության բարձրացմանն ուղղված ռազմավարությունը։
Նա բացատրեց, որ լրացուցիչ հարկը, անգամ ոչ այդքան մեծը, կարող է նյարդայնացնել կամ վանել զբոսաշրջիկին։
«Մենք պետք է հասկանանք, որ Հայաստան ժամանող զբոսաշրջիկը տարածաշրջանային է։ Եթե դա չի գործում տարածաշրջանի մյուս երկրներում, ապա մեզ մոտ չի աշխատի։ Զբոսաշրջիկը չի ցանկանա լրացուցիչ փող ծախսել և կգնա այնտեղ, որտեղ այդ հարկը չկա», – ասաց Թորոսյանը։
Օրինակ` զբոսաշրջիկը, հատկապես 5–աստղանի հյուրանոցի, շատ պահանջկոտ է։ Նա խնամքով է ծախսում ամեն մի կոպեկը։ Հաճախ լինում են դեպքեր, երբ զբոսաշրջիկները ջուր են խմում մինի բարից` կարծելով, որ այն անվճար է, իսկ երբ հարկ է լինում վճարել, վեճի են բռնվում 1 դոլարի համար։ Թորոսյանը նաև վստահ է, որ հարկը կազդի առաջին հերթին Ռուսաստանից եկող զբոսաշրջային հոսքի վրա։
Նրա հետ համակարծիք է մեկ այլ հյուրանոցի ներկայացուցիչ, որը չցանկացավ նշել իր անունը։ Նրա խոսքով` այդ դեպքում կտուժի հյուրանոցային բիզնեսը։ Հնարավոր է, որ գումարը չի ներառվի տուրփաթեթի մեջ, հարկ կլինի տեղում յուրաքանչյուր զբոսաշրջիկին բացատրել օրենսդրությունը։ Իսկ դա լրացուցիչ թղթաբանություն է և գլխացավանք հյուրանոցների աշխատակիցների համար։
«Իսկ ի՜նչ խորոված է այնտեղ». Պոպովն ասել է, թե ինչու է սիրում հանգստանալ հենց Հայաստանում
Ինչ վերաբերում է երկրի ճանաչելիության բարձրացմանը, զբոսաշրջային ոլորտի ներկայացուցիչներն առաջարկում են պետությանն ակտիվորեն ներգրավվել երկիրը գովազդելու մեջ և միջազգային ցուցահանդեսներում ժլատություն չանել Հայաստանի տաղավարների հարցում։
«Հայաստանն այնքան հասանելի է». ռուսաստանցիներին կպատմեն հայկական հյուրընկալության մասին
Նշենք, որ ընթացիկ տարվա առաջին կիսամյակում հանրապետությունում զբոսաշրջային աճ է գրանցվել` 12,8 տոկոսով 2018թ–ի նույն շրջանի համեմատ։ Միաժամանակ, Գերմանիայից զբոսաշրջիկների թիվն աճել է 59,5 տոկոսով, Չինաստանից` 53,5 տոկոսով, Նիդեռլանդներից` 34,9 տոկսով, Շվեյցարիայից` 30 տոկոսով, ԱՄԷ–ից` 29,7 տոկոսով, Հունաստանից` 29 տոկոսով, Իտալիայից` 24,4 տոկոսով, Մեծ Բրիտանիայից` 22,9 տոկոսով, Ճապոնիայից`է 22,2 տոկոսով, Ռուսաստանից` 19 տոկոսով, Շվեդիայից` 19 տոկոսով, ԱՄՆ–ից` 15 տոկոսով, Ֆրանսիայից` 13 տոկոսով։