ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի — Sputnik, Կարինե Հարությունյան. Արթիկցի քանդակագործ, նկարիչ Արթուր Գալստյանը ռուսական էստրադայի ներկայացուցիչներ Վալերիայի ու Ֆիլիպ Կիրկորովի կոշիկների դիզայնի հեղինակն է։ Տարիների ընթացքում նա նաև դագաղագործությամբ է զբաղվել և կահույքի արտադրամասում աշխատել։
Արթուրենց տունն ամբողջովին կահավորված է նրա ձեռքի աշխատանքներով` կահույքը, պատի ինքնատիպ ժամացույցը, նկարները, քանդակները, արդեն նաև` դանակները։ Տաղանդավոր երիտասարդի մայրը հերթով ցույց է տալիս որդու պատրաստածներն ու ասում` տղայիս մատն ինչին կպնում է, ծաղկում է։ «Լավ, էլի, մամ»,– Արթուրը հանդիմանում է մորը։
Ջաջուռում գտնվող տան առեղծվածային պատմությունը, կամ այն, ինչ չգիտեինք Մինասի մասին
Մասնագիտություն ընտրելիս Արթուրը հետաքրքիր իրավիճակներում է հայտնվել։ Դեռևս դպրոցական տարիներին նա որոշել է կիթառ նվագել սովորել, սակայն այնպես է ստացվել, որ կիթառի մասնագետն ազատվել է աշխատանքից։ Ջութակը կիթառին նմանեցնելով` Արթուրն սկսել է ջութակի դասընթացների հաճախել։ Սակայն ծնողները նկատել են, որ Արթուրը պարապմունքների ժամանակ նվագելու փոխարեն ավելի շատ նկարչությամբ է զբաղվում, ու նրան տարել նկարչության դասընթացների։
Նկարչության դասընթացներից մեկի ժամանակ Արթուրը մի կոշիկ է տեսել, որը շատ է իրեն դուր եկել։ Նա տանը փորձել է ծնողներին նկարագրել, թե ինչ տեսք ուներ այն, և երկար ջանքերից հետո վերցրել է պլաստիլինն ու պատրաստել իրեն այդքան դուր եկած կոշիկը։
«Կոշիկը շատ բնական էր ստացվել, մերոնք ապշած էին։ Դա սկիզբ դրեց իմ հոբբիին` պլաստիլինից կոշիկներ սարքելուն։ Ժամանակին ավելի քան 600 նման «կոշիկ» ունեի, սակայն տուն եկած հյուրերը վերցնում էին «կոշիկներն» ու իրենց հետ տանում. հիմա 100-150 օրինակ է մնացել»,–ասաց նա։
Դպրոցն ավարտելուց հետո Արթուրը կերպարվեստ և գծագրություն է սովորել Մանկավարժական համալսարանում, հետո մեկնել ծառայության։ Զորացրվելուց հետո աշխատել է որպես դագաղագործ. հիշում է` «ճոխ» թաղում անողները դագաղի կափարիչը փորագրել էին տալիս, ու հենց այստեղ էլ Արթուրին օգնության էր գալիս իր մասնագիտությունը։
Աշխարհն Արա Գյուլերի աչքերով. լեգենդար լուսանկարչի աշխատանքները ցուցադրվել են Փարիզում
Կարճ ժամանակ անց տղային հաջողվել է որպես դիզայներ աշխատանք գտնել հայտնի կոշիկի գործարաններից մեկում, որը կոշիկներ էր կարում բացառապես ռուս աստղերի համար։
«Մեզ չեն ասել, թե կոնկրետ ովքեր են կրում այդ կոշիկները, և մի անգամ, գործարանը փակվելուց տարիներ անց, ամսագրերից մեկում պատահաբար Վալերիայի ու Կիրկորովի հագին տեսա իմ հեղինակած դիզայնով կոշիկները»,-նշում է Արթուրը։
Այնուհետև, որպեսզի անգործ չմնա, Արթուրը մեկնել է Ռուսաստան և դիմանկարներ նկարել ու դրանք վաճառել։ Ասում է` Ռուսաստանում վատ չէր վաստակում, սակայն ուզում է հայրենիքում ապրել ու աշխատել, ինչի համար էլ վերադարձել է ու փորձում է աշխատանք գտնել։
Արթուրն այժմ զբաղվում է ինչով ասես. դիմանկարների պատվերներ է վերցնում, դանակներ պատրաստում` ինչպես հուշանվերային, այնպես էլ կենցաղային, նաև զենքերի ձևափոխմամբ զբաղվում, դրանց վրա փորագրում։
«Ցավալին այն է, որ փորագրությամբ ու նկարչությամբ Հայաստանում ընտանիք պահել չես կարող։ Ու հիմա փորձում եմ դանակների գործով զբաղվել։ Կուզեի մեկն աջակցեր, որ այդ գործը զարգացնեմ, քանի որ չեմ ուզում երկրից գնամ։ Արդեն չգիտեմ` ինչով զբաղվեմ, որ մասնագիտությունիցս հեռու չլինի, սիրով անեմ ու դրանով կարողանամ ընտանիք պահեմ»,–ասում է նա։
Լոնդոնի բոհեմական հայուհին. ընտրյալներից մեկը, որին «սովետը» թույլ էր տալիս գալ ու աշխատել
Արթուրը նշում է, որ ամեն ինչ ունի երջանիկ լինելու համար` լավ ընտանիք, լավ մասնագիտություն, «ձեռքի հնար», մնում է` աշխատանք գտնի, որ աշխատի ու ապրի Հայաստանում։