Նիկոլ Փաշինյանը ժամանել է Ղրղըզստան՝ մասնակցելու ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին

Նախատեսվում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումները Ղրղզըստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովի և ՌԴ կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի – Sputnik. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով, օգոստոսի 8-ի երեկոյան աշխատանքային այցով ժամանել է Ղրղըզստանի Հանրապետություն՝ Իսիկ Կուլի շրջանի Չոլպոն-Ատա քաղաք։ Հայաստանն այս տարի նախագահում է ԵԱՏՄ մարմիններում, և օգոստոսի 9-ին Հայաստանի վարչապետը՝ որպես ԵԱՏՄ մարմիններում նախագահող երկրի ղեկավար, կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի աշխատանքներին։

Ղրղըզստանի նախկին նախագահը հանձնվել է. նրա վրա շատ բան կարող են բարդել. Աթամբաևի փաստաբան

«Իսիկ Կուլ» միջազգային օդանավակայանում Հայաստանի Հանրապետության վարչապետին դիմավորել է Ղրղըզստանի Հանրապետության փոխվարչապետ Զամիրբեկ Ասկարովը։

Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին Նիկոլ Փաշինյանը հանդես կգա բացման ելույթով։ Նախատեսվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանի համատեղ հայտարարությունը ԶԼՄ ներկայացուցիչների համար, ինչպես նաև ԵԱՏՄ շրջանակում համագործակցության վերաբերյալ փաստաթղթերի ստորագրում և նամականիշի մարման արարողություն:

Աշխատանքային այցի շրջանակում նախատեսվում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումները Ղրղզըստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովի և ՌԴ կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ։