Իրանագետ Վարդան Ոսկանյանն, անդրադառնալով Հայաստանի տարածքում իրանաամերիկյան լրտեսական սկանդալին ու հետախուզական ֆիլմին՝ Sputnik Արմենիայի հետ զրույցում նշել է, որ նախ պետք է ճշտել փաստական նյութը, ինչը կարող են անել բացառապես հատուկ ծառայությունները և որոշակի լրացուցիչ տվյալների հիման վրա միայն կարելի է հստակ եզրակացնել, որ Իրանի ու ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները ինչ-որ առումով մրցակցում են Հայաստանի տարածքում, կամ մեր երկիրը վերածել են պայքարի թատերաբեմի:
«Առայժմ նման հեռուն գնացող եզրակացություն անելն իմ կարծիքով՝ տեղին չէ: Բայցևայնպես, նույնիսկ քարոզչական նպատակով ֆիլմի ստեղծումը ցույց է տալիս, թե ինչպիսի բարդ տարածաշրջանում է գտնվում Հայաստանը և ինչպիսի լրացուցիչ ռիսկեր, որոշ դեպքերում՝ նունիսկ վտանգներ են ի հայտ եկել մեր պետության համար հարավկովկասյան տարաշածրջանում՝ հատկապես՝ կապված Իրան-Միացյալ նահանգներ հարաբերությունների լարման այս վերջին, ես կասեի՝ աննախադեպ փուլի հետ»,- նշում է Վարդան Ոսկանյանը:
Իրանագետի կարծիքով՝ իրանցի ֆիլմ արտադրողը կամ այդ ֆիլմի հետևում կանգնած հատուկ ծառայությունը նպատակ է հետապնդել որոշակի քարոզչական գործողություն իրականացնել Ադրբեջանի նկատմամբ: Հայտնի է, որ Ադրբեջանի տարածքն օգտագործվում է երրորդ պետությունների, մասնավորապես, ՆԱՏՕ-ի անդամ որոշ պետությունների և հատկապես Իսրայելի կողմից հակաիրանական գործողություններ ծրագրելու, իրականացնելու համար, և այս իմաստով Ադրբեջանի տարածքի նկատմամբ իրանական ուշադրությունը շատ ավելի մեծ է, քան Հայաստանի կամ Արցախի նկատմամբ:
Վարդան Ոսկանյանի համոզմամբ՝ իրանցիներն ավանդաբար Հայաստանը կամ Արցախը դիտարկում են որպես վստահելի գործընկերներ, վստահելի հարևաններ: Այդուհանդերձ, եթե նկարահանումը համապատասխանում է իրականությանը և նկարահանվել է Հայաստանի տարածքում, ապա ակնհայտ է, որ մենք գործ ունենք նույնպես աննախադեպ երևույթի հետ կամ միգուցե նախադեպ ունեցող, բայց չհրապարակայնացված գործընթացի հետ, ինչն այդքան էլ հաճելի չէ:
«Որևէ պետության համար չի կարող ընկալելի և ընդունելի լինել, երբ երրորդ պետությունները նրա տարածքն օգտագործում են միմյանց դեմ զանազան գործողություններ իրականացնելու համար, այդ թվում՝ հատուկ ծառայությունների մակարդակով»,- նշում է Վարդան Ոսկանյանը՝ հավելելով, որ պետք է սրանից լուրջ հետևություններ անել և պետական մակարդակով բավական լրջորեն զբաղվել այս խնդրով՝ ստեղծված ռիսկային իրավիճակներից և հնարավոր վտանգներից Հայաստանը հնարավորինս հեռու պահելու համար:
Եվ կրկին WikiLeaks. ինչու՞ են լրտեսական սարքերը պետք ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատանը