Լուրջ և բարձր մակարդակի ծրագիր է կազմված. բնապահպանության նախկին նախարարը` Ամուլսարի մասին

Ամուլսարի շահագործման փաստաթղթերում ներառված է 900 էջանոց բնապահպանական ծրագիր։ Դրա առաջին մասում նշված է, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ Ամուլսարի շահագործումը, իսկ 2–րդում` ինչ պետք է անել, եթե այդ խնդիրների բախվեն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի - Sputnik. ՀՀ բնապահպանության նախկին նախարար, ՀՀ ԳԱԱ երկրաբանության ինստիտուտի տնօրենի խորհրդական Սարգիս Շահազիզյանը կարծում է, որ Ամուլսարի շահագործման հետ կապված բավական լուրջ և բարձր մակարդակի ծրագիր է կազմված: Շահազիզյանն այս մասին ասաց Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ։

«Եթե Ամուլսարի շահագործումը բնապահպանության տեսակետից համարում են աղետալի, ապա այսօր մեր լեռնահանքային ձեռնարկությունների 90 տոկոսը պետք է չաշխատեր։ Կարծում եմ` բավական լուրջ ծրագիր են մշակել»,–ասաց նա։

Նա հայտնեց, որ Ամուլսարի ծրագրին ծանոթ է, ուսումնասիրել է փաստաթղթերը, կարդացել 900 էջ կազմող բնապահպանական ծրագրերը։ Շահազիզյանն ասաց, որ դրա առաջին մասում նշված է, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ Ամուլսարի շահագործումը։ Իսկ ծրագրի հաջորդ` 400 էջում նշված է, թե ինչ պետք է արվի, եթե նման խնդիրներ առաջանան։

Ամուլսար. ամերիկացիները ՀՀ իշխանություններից պահանջում են չխանգարել Lydian Armenia-ին

Նրա մոտ այնպիսի տպավորություն  է, որ Ամուլսարի շահագործման հետ կապված՝ որոշ մարդիկ կարդացել են բնապահպանական ծրագրի միայն առաջին մասը:

Միջազգային դատարանից մենք չենք վախենում. Փաշինյանը խոսեց «Լիդիանի» մասին

Շահազիզյանը նշեց նաև, որ վերջին 30 տարիների ընթացքում ՀՀ–ում ոչ մի նոր մետաղական հանքավայր չի հայտնաբերվել` բոլորը սովետական տարիներին հայտնաբերվածներն են։ Պարզապես, սովետական տարիներին հայտնաբերված հանքավայրերը, ըստ նրա, պլանավորված ձևով են շահագործվել, այլ ոչ թե գիշատիչ ձևով։

«Բացի այդ, լեռնահանքային արդյունաբերության առումով մենք խնդիր ունենք` ոչ մի լեռնահանքային արդյունաբերության արդյունք Հայաստանինը չէ։ Իսկ եթե պետությունը յուրաքանչյուր հանքավայրից գոնե  30 տոկոս բաժնեմաս ունենար, մենք բավական լավ պետբյուջե կունենայինք»,–իր խոսքն ամփոփեց Շահազիզյանը։

Հիշեցնենք, որ այսօր կառավարության նիստում Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը հայտնել էր, որ Ամուլսարի ոսկու հանքի մշակման վերաբերյալ անկախ փորձագիտական եզրակացությունը պատրաստ է։ Առաջիկա երկուշաբթի–երեքշաբթի օրերին փաստաթուղթը կտրամադրվի կառավարությանը։

Ավելի վաղ ակտիվիստները հայտնել էին, որ Ամուլսարի ոսկու հանքի փոշին կարող է վնասակար լինել Ջերմուկի բնակիչների համար, իսկ ստորգետնյա ջրերի միջով այն կարող է Սևան հասնել։ «Լիդիան Արմենիան» փորձաքննություն էր անցկացրել` հանքի ազդեցությունը շրջակա միջավայրի վրա ստուգելու համար, որն ընդունել էր Էկոնոմիկայի նախարարությունը։

«Լիդիան Արմենիա» ընկերության դեմ քրեական գործ հարուցվեց

2018 թվականի իշխանափոխությունից հետո կառավարությունը որոշեց կրկնակի փորձաքննություն անցկացնել հանքում։ ՀՀ կառավարությունը պայմանագիր կնքեց Earth link & Advanced Resources Development (ELARD) միջազգային հավատարմագրված ընկերության հետ՝ փորձաքննության համար վճարելով 396,900 դոլար։

Ամուլսարի ոսկու հանքը պաշարների առումով Հայաստանի երկրորդ հանքավայրն է, որի շահագործման համար արտոնագիր է ստացել Հայաստանում Lydian International դուստր ընկերություն GeoTeam-ը (ավելի ուշ վերանվանվել է «Լիդիան Արմենիա»)։