ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի — Sputnik. Կառավարությունն այսօրվա նիստի ժամանակ ընդունեց անպտղություն ունեցող զույգերին աջակցող նախագիծ։
Այս քայլով նախատեսվում է բարելավել անպտղություն ունեցող զույգերի իրավունքների իրացումը` սահմանելով մեխանիզմներ բնակչության որոշ խմբերի անպտղության պատճառագիտության հետազոտման ու բուժման համար։
Ծրագրում ընդգրկվելու են 20-35 տարեկան կանայք, բայց եթե կինը 35 տարեկանում դիմի և հաշվառվի, կպահպանի իր` շահառու լինելու իրավունքը մինչև 38 տարեկան լրանալը:
Բուժօգնությունից անվճար օգտվելու իրավունք ունեն 2 տարի և ավելի անպտղություն ունեցող անզավակ զույգերն այն դեպքում, երբ ամուսիններից մեկը զինծառայող և զինծառայողներին հավասարեցված անձ է, զինվորական ծառայության ընթացքում կամ ծառայության ավարտից հետո դրա հետ կապված պատճառներով զոհված (մահացած) որդու ծնող է, ընդգրկված է ընտանեկան նպաստի համակարգում, ինչպես նաև սահմանամերձ համայնքի բնակիչ է։