Հայաստանում և Արցախում ռոումինգի գինը կնվազի. Փաշինյանը մանրամասներ է հայտնում

Ռոումինգի ծառայությունների սակագները կնվազեն 2020 թվականի հունվարի 1-ից կիսամյակային պարբերականությամբ մինչև 2021 թվականի հունվարի 1-ը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի – Sputnik.Հայաստանի և Արցախի իշխանությունների ներկայացուցիչների միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ 2020 թվականի հունվարի 1-ից կիսամյակային պարբերականությամբ մինչև 2021 թվականի հունվարի 1-ը կնվազեցվեն Արցախում և Հայաստանում օպերատորների կողմից մատուցվող ռոումինգի ծառայությունների սակագները։ Facebook սոցիալական ցանցի իր էջում այս մասին գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Արդյունքում 2020 թվականի հունվարի 1-ից դեպի Արցախ զանգերի սակագները կնվազեն շուրջ 25%-ով, այնուհետև նշված ժամանակահատվածում նվազումը կհասնի մինչև 30%, Արցախից զանգերինը՝ շուրջ 40%-ով, այնուհետև՝ մինչև 45%,
տվյալների փոխանցման և ինտերնետ հասանելիության ծառայություններինը՝ շուրջ 50%-ով, այնուհետև՝ մինչև 65%, կարճ sms հաղորդագրություններինը՝ շուրջ 65%-ով, այնուհետև՝ մինչև 75%»,– գրել է նա:

Փաշինյանը հիշեցնում է նաև, որ այս տարվա օգոստոսի 1-ից արդեն նվազեցվել են «Բիլայն» և «Յուքոմ» ընկերությունների կողմից ելքային և մուտքային զանգերի սակագները, 45 դրամ սակագնի փոխարեն կիրառվում է համապատասխանաբար ելքային զանգերի համար 38 դրամ, մուտքայինի համար 25 դրամ, sms կարճ հաղորդագրության համար գործող 60 դրամ սակագնի փոխարեն 40 դրամ:

Վարչապետի խոսքով` այս գործընթացի վերջնական նպատակը, իհարկե, միասնական գնային համակարգ ունենալն է Հայաստանում և Արցախում: