ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի — Sputnik. Մի քանի տասնյակ մարդիկ այսօր առավոտյան հավաքվել էին Երևանի քաղաքապետարանի դիմաց ու պահանջում էին լուծել աղբահանության խնդիրը։
Հանրահավաքի նախաձեռնողը ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանն էր։ Նրա խոսքով` քանի դեռ քաղաքը թաղված է աղբի մեջ, քաղաքապետարանն անգործության է մատնված։
Ավելի ուշ ակտիվիստների ու ոստիկանների միջև վիճաբանություն ծագեց։
Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնեցին, որ երեք մարդու բերման են ենթարկել։
«Նրանցից մեկը բերման է ենթարկվել ոստիկանության պահանջներին չենթարկվելու համար, երկուսը` ծեծի կասկածանքով», – նշեցին ոստիկանությունում։
Հիշեցնենք` Երևանում աղբահանության խնդիրը սրվեց անցած տարվա ամռանը։ Աղբահանությամբ զբաղվող «Սանիթեք» ընկերությունը մի քանի անգամ տուգանվեց, բայց հարցն այդպես էլ չլուծվեց։
Ապրիլի 18–ի կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաղաքապետ Հայկ Մարությանից բացատրություն պահանջեց աղբահանության վիճակի համար։ Վերջինս, ներկայացնելով իրավիճակը, խնդրեց թույլ տալ կազմակերպել աղբատարների գնման լրացուցիչ գործընթաց։
Հուլիսի սկզբին հայտնի դարձավ, որ ընկերությունը դատի է տվել Երևանի քաղաքապետարանին` պահանջելով վերադարձնել որպես տուգանք վճարած գումարը։
Աղբը թափիր ու բոնուս ստացիր. Երևանում ուզում են «խելացի» աղբամանների նախագիծ գործարկել
«Սանիթեքը» մտադիր է միջազգային արբիտրաժային դատարան դիմել, եթե քաղաքապետարանը չհամաձայնվի ճգնաժամի կարգավորման իր պայմաններին։
Աղբարկղ ունենալը՝ համաքաղաքային ուրախություն. երևանցիներին երջանկացնելու նուրբ արվեստը