ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի — Sputnik. Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են Դոնբասի հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր։ Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այդ մասին հայտնել է անձամբ Ուկրաինայի նախագահը։
Նրանք, մասնավորապես, խոսել են նախօրեին Դոնբասում չորս ուկրաինացի զինվորականների մահվան մասին։
«Այսօր առավոտյան այդ առիթով ես զրուցել եմ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Նրան շտապ զանգահարեցի և ասացի, որ դա (գնդակոծությունը) մեզ խաղաղություն հաստատելուն չի մոտեցնում և շատ եմ խնդրում ազդել այն կողմի վրա, որպեսզի նրանք դադարեն սպանել մեր մարդկանց»,–հայտարարել է Զելենսկին։
Նրա խոսքով` հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է նաև ականազերծման աշխատանքները շարունակելու, Լուգանսկայա ավանում կամրջի շինարարության ժամկետը կրճատելու, ինչպես նաև ուկրաինացի կալանավորներին վերադարձնելու հարցերը։
Նշենք, որ սա Ռուսաստանի և Ուկրաինայի առաջնորդների առաջին հեռախոսազրույցը չէ։
Պուտինը հեռախոսով շփվել է Զելենսկու հետ
Հուլիսի 11-ին Պուտինն ու Զելենսկին հեռախոսով բանակցություններ են վարել Կիևի նախաձեռնության վերաբերյալ, ինչպես նաև քննարկել Դոնբասում տիրող իրավիճակը։ Զելենսկին հայտարարել է, որ զրույցի հիմնական թեման «ուկրաինացի նավաստիներին ազատելն» էր։
Զանգը տեղի է ունեցել նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի ժամանակների բարձրաստիճան պաշտոնյաներին լյուստրացիայի ենթարկելու պահանջի հետ կապված՝ Զելենսկու աղմկահարույց հայտարարությունից հետո։