Աստղիկ Սուքիասյան, Sputnik Արմենիա
Բաց երկնքի տակ, առանց դռների ու պատերի արվեստանոցում քար ու մուրճի հետ 24–ամյա մի գեղեցկուհի է աշխատում։ Երևանի Արամի և Կողբացի փողոցների խաչմերուկում գործող խաչքարերի արհեստանոցի կողքով անցորդներն արդեն երեք ամիս է՝ զարմացած դանդաղեցնում են քայլերը. մասնագիտությամբ ճարտարապետ, դիզայներ ծնունդով Լիբանանից Նարինե Փոլադյանը տղամարդկանց հավասար վարպետություն է դրսևորում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում աղջիկը պատմում է, որ մոտ երկու տարի է՝ բնակվում է հայրենիքում: Հենց այստեղ`հայր և որդի Համբարձումյանների արվեստանոցում էլ նա խաչքարագործություն է սովորել:
«Հաճախ էի անցնում այս արվեստանոցի կողքով և ամեն անգամ զգում էի, որ սիրտս ջերմությամբ է լցվում, որ մի հարազատ կարոտ կա ներսում»,–իր առաջին զգացողությունների մասին Sputnik Արմենիայի թղթակցին է պատմում խաչքարագործ Նարինեն։ Բնավորությամբ ամաչկոտ աղջիկը մի օր քաջություն է հավաքում ու մոտենում արվեստանոցի վարպետ Համբիկին։
Նա վստահ հայտարարում է, որ ուզում է խաչքարագործություն սովորել։ Համբիկը, թեև զարմանում է, բայց չի առարկում։ Ժամանակի ընթացքում վարպետը փորձում է ամեն կերպ իր գիտելիքները փոխանցել Նարինեին։ Ինչպես ամեն գործի սկիզբում, այստեղ էլ դժվարություններ կային։ Որոշ ժամանակ անց Նարինեն արդարացնում է վարպետ Համբիկի սպասելիքները և ստանում այդքան սպասված աշխատանքի հրավերը։
«Իմ առաջին աշխատանքը Ջուղայի խաչքարի կրկնօրինակն էր, բայց այն ստեղծել եմ վարպետիս օգնությամբ: Սկզբում դժվար էր, քանի որ կային նախշեր, որոնց ծանոթ չէի»,–պատմում է Նարինեն:
Ստորգետնյա անցում դեպի Թուրքիա, կամ ինչու սելջուկներին չհաջողվեց քանդել Հառիճավանքը
Աղջկա ամենօրյա աշխատանքն ուղեկցվում է անցորդների սևեռուն ու զարմացած հայացքներով։ Երբեմն զբոսաշրջիկները մոտենում են ու իրենց հիացմունքն արտահայտում, բայց չեն մոռանում ավանդական հարցը, թե դժվա՞ր չէ փխրուն աղջկա համար այդչափ ծանր գործը։ Նարինեի պատասխանը միշտ նույնն է` եթե մարդն ամբողջ հոգով մի բան ուզում է անել, ապա դժվարությունը նահանջում է: «Սկզբում ծնողներս դեմ էին, որ ես Հայաստանում մենակ ապրեմ։ Նրանք անընդհատ հետ էին կանչում ինձ Լիբանան, բայց հիմա համակերպվել են, որ ես Հայաստանը չեմ լքելու, որովհետև այստեղ ինձ երջանիկ եմ զգում»,–ասում է նա։
Նարինեի երկու քույրերն ու մայրը անցած տարի առաջին անգամ են Հայաստան եկել ու շատ են հավանել իրենց հայրենիքը։ Մեկ ամիս հետո հայրը ևս կայցելի։ Նա առաջին անգամ է հայրենիք գալու: Նարինեն փորձում է ծնողներին համոզել, որ նրանք ևս մշտական բնակություն հաստատեն Հայաստանում։ Աղջիկը հպարտությամբ է ասում, որ իր շնորհիվ են ծնողները տեսել Հայաստանը, քանի որ նրանք ծնվել ու մեծացել են Լիբանանում:
«Հայաստանում ապրելն իրոք հեշտ չէ, բայց նաև անհնարին չէ: Իմ դժվարությունն այն է, որ ընտանիքս այստեղ չէ, վարձով եմ ապրում, բայց ամեն դեպքում կարողանում եմ ինքնուրույն հոգալ կարիքներս»,–ասում է երիտասարդ խաչքարագործը:
Համաշխարհային մշակույթի հատուկ օբյեկտ կամ ինչ պետք է իմանալ Գեղարդի բացառիկ վանքի մասին
Մեր հարցազրույցի ընթացքում նկատեցինք, որ ԱՄՆ-ից ժամանած զբոսաշրջիկները՝ մայր ու որդի, եկել էին խաչքարագործություն սովորելու: Նարինեն պատմում է, որ հատկապես երեխա զբոսաշրջիկները մեծ հետաքրքրություն ունեն խաչքարների հանդեպ, այդ պատճառով բոլորին մեծ սիրով սովորեցնում են տուֆի հետ աշխատելու գաղտնիքները: