Հանրության ստվար մասը պատրաստ է առողջության ապահովագրության համակարգի ներդրմանը. Թորոսյան

Առողջության ապահովագրության համակարգն ապահովելու է աղետալի առողջապահական ծախսերի վերացումը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի — Sputnik. Հանրության մի ստվար մասը պատրաստ է առողջության ապահովագրության համակարգի ներդրմանը, ինչը տեղի կունենա մոտակա մի քանի տարիների ընթացքում: Facebook սոցիալական կայքի իր էջում այս մասին գրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Նախարարը մինչ այդ Facebook–ի իր էջում հարցում էր անցկացրել, թե ինչպես են վերաբերվում Հայաստանում առողջության համապարփակ պետական ապահովագրության համակարգի ներդրմանը, որն աշխատող բնակչությունից կպահանջի որոշակի ամսական վճարումներ` աշխատավարձի 3-5% չափով, կընդգրկի տարիքային բոլոր խմբերը։

Գյումրիում նոր ծննդատուն է կառուցվելու. նախարարը հրապարակել է շենքի նախնական էսքիզները

«Կուզենամ անպայման ֆիքսենք, որ այն մեր քաղաքացիների սոցիալական պաշտպանությանն ուղղված համակարգ է և ոչ թե ֆինանսական համակարգ, ինչպիսին կամավոր ապահովագրությունն է։ Այն ապահովելու է այսպես կոչված` աղետալի առողջապահական ծախսերի (catastrophic health expenditures) վերացումը բոլոր անձանց համար, որոնք դեպքերի մի մասում բերում էին ընտանիքների աղքատացման»,–գրել է նախարարը։

Նրա խոսքով` նոր համակարգի ներդրման ժամանակ այսօր գործող բոլոր պետական երաշխիքները մնալու են ուժի մեջ։ Նա հայտնել է նաև, որ մոտակա ամիսներին նաև կներկայացնի առողջության ապահովագրության հայեցակարգը` հանրային լայն քննարկումների համար։

Վանաձորի ԲԿ-ում կատարվել է սրտի առաջին ստենտավորումը

Առողջության համապարփակ պետական ապահովագրության համակարգը պետք է ներառի պոլիկլինիկական, շտապ և հիվանդանոցային բուժսպասարկման հիմնական ծավալը, ինչպես նաև անվճար դեղորայք` մի շարք հիվանդությունները տնային պայմաններում բուժելու համար։

Հայաստանի 67 բուժհաստատությունում իրականացվում է 0-18 տարեկանների անվճար բուժսպասարկում