Մուսա լեռում վառված ջահը հասավ Արցախ. Ստեփանակերտում մեկնարկեց «Համահայկական խաղեր»-2019

Ստեփանակերտում մեկնարկած խաղերի ավարտը կազդարարվի Երևանում։ Համահայկական խաղերի խորհրդանշական ջահն անցել է նաև Հայաստանի պատմական մայրաքաղաքներով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի — Sputnik. Ստեփանակերտում՝ Ստեփան Շահումյանի անվան հանրապետական մարզադաշտում, հանդիսավոր արարողությամբ տրվեց Համահայկական ամառային 7-րդ խաղերի մեկնարկը։ Բացման արարողությանը մասնակցում են Հայաստանի ու Արցախի ղեկավարները, կառավարության ու խորհրդարանի անդամները։

Տյումենից, Քուվեյթից և ոչ միայն. համահայկական օլիմպիադային 6 երկրի 80 աշակերտ կմասնակցի

Համահայկական 7-րդ խաղերի ջահն այս տարի վառվել է Կիլիկիո թագավորության հերոսական վայրերից մեկում՝ Մուսա լեռան գագաթին` ներկայիս Թուրքիայի տարածքում, Միջերկրական ծովի ափին։

Այստեղից համահայկական մարզական միասնությունը խորհրդանշող ջահն անցել է պատմական Հայաստանի Վան, Անի, Մուշ, Իգդիր և Ղարս քաղաքներով, որոնց քաղաքապետերը նույնպես հրավիրվել են  ներկա գտնվելու Համահայկական խաղերին։

Մուշ-Անի ճանապարհին պատվիրակության անդամները համահայկական խաղերի ջահը խոնարհել են հայ ազգային –ազատագրական շարժման հերոս Գևորգ Չաուշի գերեզմանին, ապա փոխանցավազքով հասել Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտ։

Համահայկական խաղերի առաջին 3 օրը մրցումները կանցկացվեն Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում, օգոստոսի 9-17-ը՝ Երևանում: Փակումը տեղի կունենա օգոստոսի 17-ին` Երևանի Ազատության հրապարակում:

Համահայկական խաղերն այս տարի ընդգրկում են 17 մարզաձև։

«Ռիսկի դիմել չեն կամենում». ստամբուլահայերը Համահայկական խաղերին չեն մասնակցի

Հիշեցնենք` Համահայկական առաջին խաղերի կրակը Գառնիի հեթանոսական տաճարից փոխանցավազքով Երևանի Հրազդան մարզադաշտ էր բերվել 1999 թվականի օգոստոսին ու վառվել օլիմպիական խաղերի չեմպիոն Ալբերտ Ազարյանի ձեռամբ։

Հայաստանի և Սփյուռքի միջև կապն ամրապնդելու մարզական մտահղացումը ծնվել էր դեռ ԽՍՀՄ տարիներին, բայց քաղաքական իրադարձությունները, ԽՍՀՄ փլուզումն ու արցախյան պատերազմը հետաձգեցին դրա իրականացումը։

Առաջին համահայկական խաղերն անցկացնելու որոշումն ընդունվեց 1999թ.–ին` Վազգեն Սարգսյանի վարչապետության օրոք։

Առաջին խաղերին մասնակցում էր 23 երկրների 1141 մարզիկ։

Պետք է կարողանանք համահայկականության գաղափարն ավելի ընդլայնել. Նիկոլ Փաշինյան

Համահայկական վեցերորդ խաղերին արդեն մասնակցում էր 6000 մարզիկ. նրանք մրցեցին 17 մարզաձևերում:

Առաջին երեք խաղերը անցկացվել  են երկու տարին մեկ անգամ, ապա`խաղերի անցկացման պարբերականությունը դարձել է չորս տարին մեկ։

Ձմեռային խաղեր են անցկացվում 2014թ.–ից սկսած։