«Երևանն ինչպես Բաբելոնը». ռուսաստանցի լրագրողը երազում է Հայաստան վերադառնալու մասին

«Газета. ру» առցանց պարբերականի թղթակիցը Հայաստանով շրջագայելուց հետո, Ռուսաստան վերադառնալով, հիացական ակնարկ է գրել, որում սեր է խոստովանում մեր երկրին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի — Sputnik. Հայաստանը տխուր, բայց հիասքանչ երկիր է, այստեղ ամեն ինչ զարմանալի է։ Հենց այսպես է մեր երկիրը բնութագրել «Газета. ру» առցանց պարբերականի թղթակից Մարինա Յարդաևան իր «Հիասքանչ տխուր հեքիաթ» հոդվածում, որը գրել է Հայաստան իր այցելության արդյունքում։

Հոդվածի հեղինակին զարմացրել է այն, որ ակնհայտ տնտեսական աղքատության պայմաններում երկրում անտերության զգացում չկա, իսկ մարդիկ բարեհամբույր են և կենսուրախ։ Ավելին, նրա համոզմամբ` ֆանտաստիկ է, որ Հայաստանը լինելով ասիական մուսուլմանական պետություններով շրջապատված, կարողանում է եվրոպական մնալ իր ոգով և գնահատել իր հարուստ պատմությունն ու մշակույթը։

Երևանն օտարերկրացու աչքերով․ ի՞նչն է զարմացրել մոսկվացուն ճանապարհորդության ընթացքում

«Երևանն ինչպես Բաբելոնը։ Սկզբում ավերածություններն էին, հետո` փառահեղ համբարձում», – գրել է Յարդաևան։

Նա նշել է, որ անկախ ծանր սոցիալական պայմաններից և ցածր եկամուտից Հայաստանում չարություն և հուսահատություն չկա։ Միևնույն ժամանակ Յարդաևան նկատել է, որ Հայաստանում սոցիալական պայթյունները զսպվում են, որովհետև ժողովուրդը խոհեմ է, բայց պայքարող. բազմիցս ակցիաներ և ցույցեր եղել են, ուղղակի մարդիկ հասկանում են, որ հրաշքներ չեն լինում, ամեն ինչ ժամանակի և աշխատանքի արդյունք է։ Յարդաևան կարծում է, որ նրբանկատորեն կառուցվում է նաև երկրի արտաքին քաղաքականությունը Ռուսաստանի, ԱՄՆ–ի, Իրանի, Վրաստանի և այլ երկրների հետ։

«Նույնքան դանդաղ, սակայն հաստատուն, զարգանում է զբոսաշրջությունը։ Այստեղ հանգստացողներին ո՛չ ծովով, ո՛չ վայրի լեռնային բարձունքներով, ո՛չ թանկարժեք զվարճանքներով չես գրավի։ Սակայն այս երկրում կա ինչ–որ զարմանալի մի բան, որը գրավում է զբոսաշրջիկի հոգին։ Դեռ չվերադարձած, արդեն երազում ես այստեղ կրկին ու կրկին գալու մասին։ Հայաստանում ամեն ինչ շարժուն է, հուզող ու սրտակեղեք։ Եվ գեղեցիկ», – գրել է լրագրողը։

Ուզո՞ւմ ես անվճար գիշերել ավտոբուս-հոսթելում, բողոքիր Google-ին. արցախյան նոր տուրիզմը

Յարդաևան կարծում է, որ Հայաստան վերադառնալու ցանկությունն ամենևին էլ կապված չէ Սևանի առանձնահատկության, համեղ սուջուխի հետ։ Պարզապես ուզում ես հոգով վերադառնալ չվազող կյանքի և տխուր հեքիաթի գիրկը։