«Խաղից հետո կասեմ` ինչ էինք նախապատրաստել, ինչ ստացվեց». Վարդան Մինասյան

Մինասյանը խաղից առաջ մրցակցի թույլ կողմերի մասին խոսել չի ուզում, իսկ վրացական թիմի ուժեղ կողմը համարում է խաղացողների խաղային համագործակցությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի — Sputnik. «Մրցակցին լավ ուսումնասիրել ենք, գիտենք ուժեղ և թույլ կողմերը և կփորձենք մեր գիտելիքները օգտագործել` հաղթանակի հասնելու համար»։ Այս մասին այսօր կայացած նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Արարատ Արմենիայի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը` խոսելով վաղը սպասվող «Արարատ Արմենիայի»– «Սաբութալո» հանդիպման մասին։

Նորացված «Արարատը» մեկնարկեց հաղթանակով

Նա նշեց, որ խաղից առաջ մրցակցի թույլ կողմերի մասին խոսել չի ուզում, իսկ վրացական թիմի ուժեղ կողմը համարում է խաղացողների խաղային համագործակցությունը։

«Մեր թիմի ռազմավարության մասին խաղից առաջ չեմ խոսի, խաղից հետո կասեմ` ինչ էինք նախապատրաստել, ինչ ստացվեց»,–խոստացավ Վարդան Մինասյանը։

Նշենք, որ վաղը` օգոստոսի 6–ին, Երևանի «Հանրապետական» մարզադաշտում ՈւԵՖԱ–ի Եվրոպայի լիգայի որակավորման 3–րդ փուլում իր առաջին հանդիպումն է անցկացնելու Հայաստանի գործող չեմպիոն «Արարատ–Արմենիան»։ Հայկական թիմը հյուրընկալում է Վրաստանի չեմպիոն «Սաբութալոյին»։

Պատասխան խաղը կկայան մեկ շաբաթ անց Թբիլիսիում։