ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի — Sputnik. Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմադ Իսա Ալ Կատտամ Ալ Զաաբին այսօր պատվոգրեր հանձնեց հատուկ օլիմպիական ամառային խաղերին մասնակցած, սահմանափակումներ ունեցող հայ մարզիկներին, որոնք ԱՄԷ–ից երկու ոսկի և երկու արծաթ են բերել Հայաստան:
2019 թվականի մարտի 5-ից 21-ը Արաբական Միացյալ Էմիրություններում անցկացվել է հատուկ օլիմպիական խաղերը, որին մասնակցել են նաև լողորդ Ռոբերտ Պետրոսյանը և վազորդ Գևորգ Մանուկյանը։ Պետրոսյանը 50 մ թիկնալող վարժությունում դարձել է խաղերի հաղթող, իսկ 50 մ ազատ ոճի լող վարժությունում նվաճել է արծաթե մեդալ: Ատլետիկայի մրցումներում վազորդ Գևորգ Մանուկյանը հավասարը չի ունեցել 100 մ վազք մրցաձևում՝ դառնալով ոսկե մեդալակիր, իսկ թափավազքով հեռացատկ վարժությունում արծաթե մեդալ է նվաճել:
Ալ Զաաբին շնորհակալություն հայտնեց ՀՀ-ին ակտիվ համագործակցության համար։
«Շատ ուրախ եմ, քանի որ տեսնում եմ` ՀՀ կառավարությունը ակտիվ համագործակցում է մեզ հետ: Շնորհակալ եմ ՀՀ վարչապետին, ՀՀ նախագահին, մի շարք պատգամավորների, նախարարների, որոնք մշտապես աջակցում են մեզ, որպեսզի մեր երկրների միջև փոխհարաբերություններն ավելի զարգանան»,-ասաց դեսպանը:
Միջոցառման պատվավոր հյուրն էր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը, որը վզնոց նվեր ստացավ Ալ Զաաբիից:
Խաղերին մասնակցած հայ մարզիկները ներկայացնում են «Հայկական հատուկ օլիմպիադաներ» հասարակական կազմակերպությունը, որը ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ ամեն տարի ՀՀ առաջնություններ է կազմակերպում` միջազգային մրցաշարերին մասնակցելու համար:
«Հայկական հատուկ օլիմպիադաներ» ազգային ծրագրի ղեկավար Արտակ Իսրայելյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ շատ ոգևորված է տղաների հաղթանակով:
«Մեր կազմակերպությունը Հայաստանում փորձում է մտավոր խնդիրներ ունեցող երիտասարդներին ներգրավել տարբեր մարզաձևերում։ Քանի որ այժմ ՀՀ-ում կրթությունը դարձել է ներառական, մենք ավելի հեշտ ենք գտնում մեր ապագա մարզիկներին: Շնորհակալություն եմ հայտնում մեր մեծ կամավորների խմբին, առանց նրանց մենք չէինք կարող նման հաջողություններ ունենալ»,- ասաց Իսրայելյանը` նշելով, որ իրենք արդեն իսկ պատրաստվում են 2021 թվականին Շվեդիայում կայանալիք Հատուկ օլիմպիադայի աշխարհի ձմեռային խաղերին:
Հատուկ օլիմպիական խաղերն անցկացվում են օլիմպիական ցիկլով: 2019 թվականի խաղերին մասնակցել են 190 երկրի 7500 մարզիկ:
Նշենք, որ այսօր խրախուսական պարգևներ և շնորհակալագրեր ստացան նաև բոլոր այն մարզիկները, որոնք տարբեր տարիների ընթացքում մեդալներ են նվաճել Արաբական Միացյալ Էմիրություններում հատուկ օլիմպիական խաղերում: