Կառավարության անդամները պարում են Խնձորեսկում. տեսանյութ

Արցախ մեկնող կառավարական պատվիրակությունը` վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ընդհատել է ուղևորությունն ու միացել ժողովրդական տոնախմբությանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր` օգոստոսի 5-ին Facebook-ի իր էջում ուղիղ հեռարձակմամբ ներկայացրել է Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղում տեղի ունեցող ժողովրդական տոնախմբությունը։

Խնձորեսկի հանրահայտ ճոճվող կամրջի վրա հայկական քոչարիի ուրախ հնչյունների ներքո ՀՀ կառավարության անդամներն ու քաղաքացիները պար են բռնել։

Նիկոլ Փաշինյանի օբյեկտիվում են հայտնվել կամրջի վրա պարող պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, Տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն և այլ պաշտոնյաներ։

Խնձորեսկ գյուղի հին և նոր հատվածներն իրար կապող 160 մ երկարությամբ կամուրջը տոնի առիթով զարդարվել հայկական ավանդական խորհրդանիշերի ու զինանշանների պատկերներով դրոշներով։

Վարչապետն ու իր տիկինը կօգնեն, որ ‹‹Տիգրան Մեծը›› կյանքի կոչվի

«Եթե խնձորեսկում չեք եղել, շատ բան եք կորցրել»,– ուղիղ եթերի մեկնաբանության ընթացքում ասում է վարչապետ Փաշինյանը` կոչ անելով անպայման այցելել։

Խնձորեսկում այսօր նշում են Մխիթար Սպարապետի օրը, որն արդեն ավանդական տոնի է վերածվել, քանի որ հենց Խնձորեսկում է գտնվում Մխիթար Սպարապետի գերեզմանը։

Ինչպես ամեն տարի, այս տարի ևս Սպարապետի գերեզմանի մոտ տեղի ունեցավ զորակոչիկների հանդիսավոր երդման արարողությունը, որին մասնակցեցին նաև կառավարության անդամները։

Սպարապետի օրը Սյունիքում առաջին անգամ պաշտոնապես նշվել է 2017թ.–ի հոկտեմբերի 7-ին։ Այս տարի այն որոշվել է նշել ամռանը` Հայաստանում այցելած զբոսաշրջիկներին ևս տոնին մասնակից դարձնելու համար։

Սպարապետի գերեզմանը գտնվում է Հին Խնձորեսկ գյուղի Անապատի եկեղեցու բակում: Այստեղ են թաղված նաև սպարապետի զինակից ընկեր Մելիք Բարխուդարն ու դուստրը` Գոհարը:

Հարկային արտոնություններ, նոր աշխատատեղեր, ներդրումներ. Փաշինյանը նոր թվեր է հրապարակել

Մխիթար Սպարապետը XVIII դարի 20-ական թվականների հայ ազգային-ազատագրական շարժման ղեկավարներից է, Դավիթ-Բեկի մերձավոր զինակիցը։ Դավիթ-Բեկի և Մխիթար Սպարապետի ղեկավարած շարժման կարևորագույն ձեռքբերումը, թերևս, այն էր, որ գրեթե չորս հարյուր տարի տևած ամուլ շրջանից հետո հայությունը միայնակ ոտքի ելավ ու ոչ միայն հերոսական ինքնապաշտպանություն կազմակերպեց, այլև, հակահարված տալով ոսոխին, գրեթե ոչնչից ստեղծեց տեղական ինքնիշխանություն: Սա հայոց պատմության նոր շրջանի թերևս ամենափառահեղ էջն է, որը, ցավոք, տրամաբանական շարունակությունը չունեցավ:

Ռազմական մի շարք անհաջողություններից հետո Մխիթար Սպարապետը հիմնվեց Խնձորեսկ գյուղում:

Զինվորներն ուտելուց հետո «սրտիկել» են ափսեն. Փաշինյանը լուսանկար է հրապարակել

1730 թ.–ին  Մխիթար Սպարապետին ու Մելիք Փարսադանին դավադրաբար սպանեցին` նրանց գլուխները կտրելով ու նվեր տալով Թավրիզի Աբդուլլահ փաշային: Հայերի դավաճանության վրա զարմացած փաշայի հրամանով գլխատվեցին նաև նրա գլուխը բերողները:

Խնձորեսկի այսօրվա բնակիչները սրբորեն հարգում են Սպարապետի հիշատակն ու հպարտանում, որ մեծ հայի մասունքներն իրենց գյուղում են։