ԵԱԶԲ–ն պատրաստ է մասնակցել Հայաստանում կանաչ էներգետիկայի նախագծերին

Հայկական ընկերությունների` արևային կայանների կառուցման հայտերը առաջնահերթության կարգով կդիտարկվեն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. Եվրասիական զարգացման բանկը պատրաստ է մասնակցել Հայաստանում և բանկի անդամ այլ երկրներում էներգիայի վերականգնվող աղբյուրների հետ կապված նախագծերին։ Նուր-Սուլթանում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԵԱԶԲ վարչության փոխնախագահ Ամանգելդի Իսենովը։

Երևանի որոշ շենքերի տանիքներին արևային համակարգեր կտեղադրվեն

Նրա խոսքով` էներգիայի վերականգնվող աղբյուրների թեման այժմ այնքան արդիական է, որ կարելի է ասել` մեր ապագան դրանց հետ է կապված լինելու։

«ԵԱԶԲ–ն դրան շատ դրական է վերաբերվում։ Ավելին` բանկում էներգիայի վերականգնվող աղբյուրների ֆինանսավորման ծրագիր է ընդունվել, որը կուղարկվի բաժնետերերի հաստատմանը»,– նշեց Իսենովը։

Բանկի չափանիշներին համապատասխանող արտադրանք ներկայացնող ընկերությունները կարող են ֆինանսավորման հայտեր ուղարկել բանկին, և դրանք կդիտարկվեն. սա բանկի համար առաջնահերթ ոլորտներից է։

Ընդհանուր առմամբ, նրա խոսքով, բանկում Հայաստանի վերաբերյալ «ճանապարհային քարտեզ» է մշակվել։ Այնտեղ նշված են ՀՀ կառավարության ու առանձին պետական կառույցների հետ համագործակցելու բոլոր հնարավորությունները։

«Դա թույլ կտա ավելի արագ իրականացնել նախագծերը», – ասաց Իսենովը։

Բանկի վարկային ռիսկերի կառավարման պետի տեղակալ Դանիար Աբեուովը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ կազմակերպությունը ուշադիր հետևում է Հայաստանում արևային էներգիայի զարգացմանը։

«Բանկի անդամ երկրներում վերականգնող էներգիայի աղբյուրների զարգացման ծրագրեր անցկացնելով` մենք դիտարկեցինք, թե ինչ է այնտեղ արվել վերջին 5–7 տարիներին։ Արևային ինսոլյացիայի (արևային լույսով մակերեսների ճառագայթում – խմբ.) տեսակետից Հայաստանը 7–րդ լուսային գոտում է, ինչը շատ լավ է արևային էներգետիկայի զարգացման համար», – նշեց Աբեուովը։

Տարիներ անց Գեղարքունիքը ծածկված է լինելու արևային վահանակներով ու հողմակայաններով

Ապրիլին հայտնի դարձավ, որ գերմանական Das Enteria Solarkraftwerk ընկերությունն արևային էլեկտրակայան է կառուցելու Սևանի ափին։

Հայաստանում արդեն հինգ նման կայան կա` 1 մեգավատտ հզորությամբ։

2018 թվականի ամռանը սկսվել է 55 մեգավատտ հզորություն ունեցող «Մասրիկ–1» խոշոր կայանի շինարարությունը։

Արևից ու քամուց ստացվող էներգիան առայժմ Հայաստանում շատ քիչ է օգտագործվում, բայց կառավարությունը (և՛ նախորդ, և՛ այսօրվա) հույս ունի մինչև 2020 թվականը ներդրողներ գրավել 100 ՄՎտ հզորություն ունեցող կայաններ կառուցելու համար։

Արևային էներգետիկա. ինչպե՞ս խուսափել վերելակի վարձից և այլ հնարավորություններ