«Տանկային բիաթլոն-2019». ինչպես համատեղել անհամատեղելին` տանկեր, հրաձգություն և դուդուկ

«Միջազգային բանակային խաղեր-2019»–ի շրջանակում «Ալաբինո» զորավարժարանի տարածքում գտնվող Բարեկամության տանը ցուցադրված են երաժշտական գործիքներ ու կենցաղային իրեր։ Sputnik–ի թղթակից Ալեքսեյ Ստեֆանովը տեսանյութ է պատրաստել այն մասին, թե ինչպես են միջոցառման մասնակիցները մեկտեղել տանկերն ու հայկական դուդուկը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. Մերձմոսկովյան «Ալաբինո» զորավարժարանում «Միջազգային բանակային խաղեր-2019» մրցաշարի մեկնարկին զուգահեռ իր դռներն է բացել Բարեկամության տունը։ Մրցաշարի մասնակից երկրները բանակային պատրաստությանը զուգահեռ սեփական երկրների մշակույթը ներկայացնելու ավանդույթը հինգ տարի առաջ են ձևավորվել։ Բարեկամության տներ այս տարի տասը մասնակից երկրներում են բացվել։

Հայ տանկիստները խոցել են թիրախներից երեքը. ավարտվել է «Տանկային բիաթլոնի» առաջին փուլը

«Ալաբինոյում» Հայաստանի տաղավարը մուտքի մոտ է տեղ գտել։ Ազգային հագուստի նմուշներ, երաժշտական գործիքներ, հնագույն կենցաղային իրեր. ահա այն ամենը, ինչն առաջինն է աչքի զարնում։

«Այստեղ ներկայացված են 100, 150 և նույնիսկ 200 տարեկան ցուցանմուշներ, որոնք ներկայացնում են հին Հայաստանի մշակույթը։ Ցուցադրված են նաև կրոնը խորհրդանշող հնագույն խաչքարեր, խաչեք, սրբապատկերներ։ Դրանք ևս մեկ անգամ փաստում են, որ Հայաստանը դեռ 301 թվականին առաջինն է քրիստոնեությունը պետական կրոն ընդունել», – հպարտությամբ նշեց փոխգնդապետ Բենիամին Սալալյանը։

Փոխգնդապետը Հայաստանում` իր զորամասում, նույնպես զբաղվում է անձնակազմի մշակութային, դաստիարակչական ու ռազմական պատրաստությամբ։ Հայաստանի մասին նա անվերջ կարող է խոսել։

«Ավելի մեծ հետաքրքրություն են ներկայացնում փայտե խաչքարն ու երաժշտական գործիքները, հատկապես` դուդուկը։ Շատերը նույնիսկ փորձում են նվագել, բայց որպեսզի դուդուկը լավ հնչի, պետք է Ջիվան Գասպարյան լինել», – ասաց Սալալյանը։

Բարեկամության տանն անընդհատ երաժշտություն է հնչում. տարբեր երկրների ներկայացուցիչները նվագում են, երգում ու շոու–ծրագրեր ներկայացնում. առջևում ինտերակտիվ ստեղծագործական վարպետության դասընթացներն են, Ազգային մշակույթների օրերը, որոնց շրջանակում կորոշվեն ամենավառ ցուցասրահները։