ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի- Sputnik. ԱՄՆ Չիկագոյի քաղաքային զբոսայգիներից մեկի մանկական խաղահրապարակում տեղի ունեցած հրաձգության հետևանքով 7 անձ է վիրավորվել: Այս մասին հաղորդում է NBC հեռուստաընկերությունը՝ հղում անելով տեղի ոստիկանությանը:
Դեպքը տեղի է ունեցել տեղական ժամանակով 1:20: Անհայտ անձը կրակ է բացել սև գույնի Chevrolet Camaro մակնիշի ավտոմեքենայից:
Հիշեցնենք, որ սա վերջին օրերին ԱՄՆ-ում տեղի ունեցած արդեն երրորդ հրաձգությունն է: Չիկագոյում տեղի ունեցած դեպքերից մի քանի ժամ առաջ ԱՄՆ Օհայո նահանգում տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհերի թիվը հասել է 9-ի:
Նախնական տվյալներով՝ հրաձիգը ևս սպանվել է: Հաղորդվում է ևս 16 վիրավորի մասին:
Իսկ նախօրեին հրաձգություն էր տեղի ունեցել Տեխաս նահանգի Էլ Պասո քաղաքում, որի հետևանքով զոհվել էր առնվազն 20, վիրավորվել` 26 մարդ: Վիրավորներից շատերի վիճակը գնահատվում է ծանր: Հանցագործը կրակ էր բացել Walmart սուպերմարկետում: Ոստիկանությունը ձերբակալել էր 21-ամյա կասկածյալ Պատրիկ Կրուզիոսին: Մինչ հարձակում գործելը, նա Twitter-ի իր էջում գրառում էր արել՝ նշելով, որ սատարում է մարտ ամսին Նոր Զելանդիայի մզկիթում տեղի ունեցած ահաբեկչությանը և հայտարարել էր, որ ներգաղթյալների պատճառով տուժում է ԱՄՆ մշակույթն ու տնտեսությունը: