Գործերն աղմուկով հարուցվում են, անաղմուկ մոռացվում. Սևանի նկատմամբ հանցանքները անպատիժ են

Sputnik Արմենիան պարզել է, որ «Սևան» ազգային պարկում, այդ թվում` տնօրինության թույլտվությամբ ու մասնակցությամբ կատարված չարաշահումների 2018-19թթ–ի գործերով որևէ պաշտոնյայի մեղադրանք չի առաջադրվել։ Սևանի խնդիրների մասին հիշում են, երբ լիճը կանաչում է, հետո սառը կանաչած ջուր են խմում մոռանում։
Sputnik

Նելլի Դանիելյան. Sputnik Արմենիա

Սիգի որսի 6 տարվա խիստ արգելքի պայմաններում Հայաստանում սիգ ոչ միայն որսացել են, այլև արդյունահանել ու նույնիսկ տոննաներով արտահանել։

«Սևանի սիգ» գրությամբ հայրենական արտադրության պահածոներն անթաքույց վաճառվում էին նաև տեղական խանութներում։ Բայց բնության դեմ հանցագործության այս ակնհայտ փաստերի մասին պաշտոնապես խոսվեց միայն 2019թ.-ի հուլիսի 16–ին, երբ դատախազությունը հայտարարեց մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ սիգի ապօրինի արդյունահանում իրականացնելու փաստով քրեական գործ հարուցելու մասին։

Ձկները կփրկեն Սևանը. փորձագետը պարզ, բայց աշխատող տարբերակ է առաջարկում

Առաջինը, որ քրեական գործի հարուցումից հետ հիշեցին լրատվամիջոցները` «Սևան» ազգային պարկի տնօրեն Վահե Գուլանյանի կապն էր ձկան ապօրինի արդյունահանումն իրականացրած ընկերություններից մեկի` «Գալիլիայի» հետ։

Ընկերությունը 2014թ.-ին հիմնադրել է Հեղուշ Գալստյանը` ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի զոքանչը։ Բացման օրից մինչև 2017 թ.–ը «Գալիլիա» ՍՊԸ-ի տնօրենն է եղել «Սևան» ազգային պարկի տնօրեն Վահե Գուլանյանը, որն, ի դեպ, նույն այդ տարիներին ազգային պարկի փոխտնօրենն էր։

Արդյո՞ք քրեական գործի նախաքննության ընթացքում իրավապահները բացահայտել են մամուլին հայտնի դարձած այս փաստերը, թե ոչ` հայտնի չէ, քանի որ նախաքննության ընթացքը գաղտնի է պահվում։

Հստակ հայտնի է միայն, որ շուրջ 1 ամիս քննվող քրեական գործով ոչ մեկին մեղադրանք դեռ չի առաջադրվել։ Սևանի «մեծ ձկներին» գործը դեռ չի հասել։

Մի տարի է փնտրում են ու չեն գտնում

Աղմկահարույց նոր քրեական գործերի հարուցման հորձանուտում այսօր արդեն քչերն են հիշում, որ նման մի աղմկահարույց գործ էլ հարուցվել էր ավելի քան 1 տարի առաջ` 2018թ.-ի ապրիլի 25-ին։

Ո՞վ է պատասխանատու Սևանի ներկա վիճակի համար. Ջավադյանն ազգային պարկին է մեղադրում

ՀՀ Գլխավոր դատախազությունն այդ օրը պաշտոնապես հայտարարեց, որ «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ–ի պաշտոնատար անձանց նկատմամբ քրեական գործ է հարուցվել` պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու հատկանիշներով։

Մեկ ոտքի վրա կանգնած խորհրդային մոդեռնիզմի վկան. Սևանի 87-ամյա «ծերուկը» խնամքի կարիք ունի

Այս քրեական գործն արդեն 15 ամիս քննվում է Քննչական կոմիտեի ՀԿԳ վարչությունում, բայց ազգային պարկի պաշտոնատար անձանցից որևէ մեկին քննիչները դեռ չեն հասել։

Գործի վերաբերյալ Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան Քննչական կոմիտեի հիշյալ վարչությունից հայտնեցին միայն, որ նախաքննությունը շարունակվում է։

Գործի շրջանակում ազգային պարկի որևէ պաշտոնյայի կամ շարքային աշխատակցի մեղադրանք չի առաջադրվել, խափանման միջոց չի կիրառվել, թեև մեկ տարի առաջ մամուլը գրել էր, ազգային պարկի տնօրենն էլ չէր հերքել, որ իրեն հրավիրվել են քննչական մարմին` պարզաբանումներ տալու։

Նախաքննության ընթացքի, քրեական գործի համար հիմք ծառայած փաստերի հաստատվելու կամ հերքվելու մասին մեր բոլոր հարցադրումները մնացին  անպատասխան։

Մեր հետաքրքրասիրությունը բավարարելու համար քննչական մարմնից խորհուրդ տվեցին հետևել իրենց պաշտոնական կայքին։

Լողալ կարելի է, խմել` ոչ. Սևանա լճի մասին ԱՆ տեսակետը

«Քրեական գործերի նախաքննության ընթացքի վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնական էլեկտրոնային կայքում պարբերաբար կատարվում են հրապարակումներ։ Թիվ 61202918 քրեական գործով ևս կատարվել ու կատարվելու են հրապարակումներ` հաշվի առնելով նախաքննության տվյալների գաղտնիության պահպանման ռեժիմը»,– գրված է Քննչական կոմիտեից ստացված, ՀԿԳ քննիչ Ա.Ասատրյանի ստորագրությամբ նամակում։

Ի դեպ, հիշեցնենք, որ 2018թ–ին այս քրեական գործը հարուցվել էր Վերահսկիչ պալատի 2017 թվականի վերահսկողության արդյունքում բացահայտված փաստերի հիման վրա։

Իսկ «մեծ ձկները» շարունակում են խմել Սևանի ջուրը

«Սևան» ազգային պարկում հայտնաբերված չարաշահումների փաստերը Վերահսկիչ պալատը հանրայնացրեց 2018թ.–ի ապրիլի 19-ին, բայց դրանցով քրեական գործ հարուցվեց միայն 1 շաբաթ անց, երբ Հայաստանում քաղաքական իրավիճակը ծայրահեղ սրվել էր։

Ովքեր են թույլ տվել Սևանից սիգ արդյունահանել. ԱԱԾ–ի բացահայտումը

Վերահսկիչ պալատի վեր հանած փաստերն այսօր էլ արդիական են, հատկապես` Սևանի ջրի գույնի, ջուրը լցվող կոյուղաջրերի ու կանաչած ջրում լողացող պաշտոնյաների ֆոնին։

Նախ` կոյուղու թեմայով. Վերահսկիչ պալատը պարզել էր, որ ազգային պարկը 2016թ.–ին 12 բիոզուգարան է գնել` հանրային լողափերում տեղադրելու համար։ Բայց վերահսկիչները լողափերում զուգարաններ չէի գտել, գտել էին միայն դրանց որոշ մասեր` ազգային պարկի պահեստում։ Աշխատակիցներն էլ հայտնել էին, թե  դրանք իրենց տնօրենի անձնական գույքն են։ Սա վերահսկիչների մոտ կասկածներ էր առաջացել, որ Գուլանյանը պետական փողերով գնված զուգարանները մասնավոր լողափերի տերերին վարձով է տալիս։

Հաջորդ թեման Սևանի ջրածածկ տարածքների մաքրման թերի կատարված կամ ընդհանրապես չկատարված աշխատանքներն են, ինչի մասին այսօրվա կառավարությունը բացահայտ հայտարարում է, իսկ նախորդ կառավարությունն այդ աշխատանքների համար բյուջեից 83 875 000 դրամ էր հատկացրել ազգային պարկին։

Եվ ահա, թե ինչպես է ազգային պարկի տնօրենը տնօրինել իրեն վստահված պետական միջոցները.

16 700 000–ը Գուլանյանը փոխանցել էր «Շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների գիտահետազոտական ինստիտուտ» ՍՊԸ–ին, որը 9 տարի առաջ հենց ինքն էլ հիմնադրել էր, 9 000 000–ը փոխանցել էր «Բիոպրոյեկտ» ՍՊԸ–ին, որը միայն մեկ աշխատակից ուներ և նա էլ ժամանակին աշխատել էր Գուլանյանի հիմնադրած «Շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների գիտահետազոտական ինստիտուտ»–ում և բացի այդ` ազգային պարկի տնտեսական բաժնի պետի ազգականն էր։

Սևանի բնապահպանական ծրագրերի համար փող տրվել է, բայց լճում լողալը մնում է վտանգավոր

Իսկ գումարի առյուծի բաժինը`41 633 000 դրամը Գուլանյանը տվել էր «Արտնաուկա» ՍՊԸ–ին, որն, ինչպես պարզել է Վերահսկիչ պալատը, պայմանագիր կնքելուց մեկ ամիս առաջ դադարեցրած է եղել իր գործունեությունը, աշխատակիցներ չի ունեցել, մինչ այդ զբաղվել է բացառապես շոու ծրագրերի ու միջոցառումների կազմակերպմամբ։ Իսկ 2017թ.–ից հանկարծ որոշել է զբաղվել Սևանի ջրածածկ տարածքների մաքրման աշխատանքներով։

Վերոհիշյալ պայմանագրերը կնքելուց հետո 83 875 000 դրամից մնացած 6 790 000–ն էլ Վահե Գուլանյանը ձևակերպել էր որպես ազգային պարկի շահույթ։

Բոլոր այս փաստերը և ոչ միայն սրանք արդեն 1 տարի իրավապահների սեղաններին են։ Սակայն Սևանի վիճակը շարունակում է աղետալի մնալ, իսկ դեռ ազգային պարկի տնօրենի պաշտոնը զբաղեցնող Վահե Գուլանյան էլ շարունակում է արդեն Հայաստանի նոր պաշտոնյաներին հրավիրել լիճ ու նրանց հյուրասիրել Սևանի պղտոր ջուրը։