ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի — Sputnik. Երևանի ավագանու նախկին անդամ Մարինա Խաչատրյանը բաց նամակով դիմել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին։
Երեկ երեկոյան միջադեպ է տեղի ունեցել Հյուսիսային պողոտայում՝ ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի կազմակերպված ստորագրահավաքի ժամանակ: Իր նամակում Մարինա Խաչատրյանը տեղեկացրել է, որ օգոստոսի 3–ին, ժամը 22:30 –ի սահմաններում ստորագրահավաքի հենակետին է մոտեցել չորս հոգանոց խումբ. Նրանք ոչ միայն գրեթե 15 րոպե խոչընդոտել ստորագրահավաքի աշխատանքներին, այլև խմբի ղեկավարը դրսևորել է «բացահայտ անհարգալից վերաբերմունք ստորագրահավաքի մասնակիցների նկատմամբ»: Վերջինս ներկայացել է որպես քաղաքապետարանի աշխատակից: Սակայն, ըստ Խաչատրյանի, նա ոչ թե Երևանի քաղաքապետարանի աշխատակից է, այլ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Ասքանազ Աբրահամյանն է:
«Պահանջում եմ, որպեսզի նրա նկատմամբ կիրառվի կարգապահական տույժ` ազգային գործունեության նկատմամբ սադրիչ գործողությունների և հայ կնոջ հետ լկտի պահվածք դրսևորելու համար։ Պահանջում եմ, որպեսզի նա հեռացվի Երևանի ավագանու կազմից և ներողություն խնդրի հայ հանրությունից` ճանաչվելով որպես սադրիչ»,- ասված է բաց նամակում։
Մարինա Խաչատրյանը նշել է, որ եթե Երևանի քաղաքապետն այս հարցին հանրայնորեն չանդրադառնա և չկատարի ներկայացված պահանջները, ապա հասարակությունը կասկածի տեղիք կունենա` թե արդյո՞ք ավագանու անդամի պահվածքն ու գործողություններն ուղղորդված չեն:
«Հայ հանրությունը կունենա բոլոր հիմքերը մտածելու, որ սադրիչ Ասքանազին անձամբ Դուք եք ուղղորդել ստորագրահավաքի գործընթացին խոչընդոտելու համար։ Դրա արդյունքում հայ հանրությունը կձևավորի համապատասխան կարծիք Ձեր և Ստամբուլում ստորագրված ապազգային կոնվենցիայի մասին»,- նշել է Խաչատրյանը։
«Իմ քայլի» պատգամավորների և նախարարի փակ հանդիպումը թեժ է անցել. «Ժողովուրդ»
Բաց նամակում Խաչատրյանն անդրադարձել է նաև Երևանի աղբահանության խնդրին՝ նշելով, որ ավագանու աշխատանքն է զբաղվել այդ խնդրով, այլ ոչ թե սադրանք հրահրել: Նամակը նա ամփոփել է այն համոզմունքով, որ Երևան քաղաքի առջև ծառացած մի շարք խնդիրների և քաղաքային բյուջեն «մսխելու» պատճառով շատերը պատասխանատվության են կանչվելու: