ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. ԱՄՆ-ն, Կանադան ու Մեծ Բրիտանիան ճնշում են գործադրում Հայաստանի իշխանության վրա` Lydian International հանքարդյունաբերական ընկերության շահերից ելնելով։ Lydian International-ի դուստր ընկերությունը շահագործում է Ամուլսարի հանքը։ Այս մասին Facebook սոցիալական կայքի իր էջում գրել է System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը։
«Կարևոր է տարածել տեղեկությունն այս անարդարության մասին այն երկրների քաղաքացիների շրջանում, որոնք կարող են ճնշում գործադրել իրենց ներկայացուցիչների վրա, որ նրանք դադարեն սատարել շրջական միջավայրին վնասող օֆշորային ոլորտներին», - գրել է Թանկյանը։
Նա վավերագրական ֆիլմ է հրապարակել, որը պատմում է բնապահպանների ու տեղացիների պայքարի մասին։ Արտիստը նաև հանքը մշակելու դեմ պետիցիայի հղումն է տեղադրել։
Ավելի վաղ ակտիվիստները հայտնել էին, որ Ամուլսարի ոսկու հանքի փոշին կարող է վնասակար լինել Ջերմուկի բնակիչների համար, իսկ ստորգետնյա ջրերի միջով այն կարող է Սևան հասնել։ «Լիդիան Արմենիան» փորձաքննություն է անցկացրել` հանքի ազդեցությունը շրջակա միջավայրի վրա ստուգելու համար, որն ընդունվել է Էկոնոմիկայի նախարարության կողմից։
2018 թվականի իշխանափոխությունից հետո կառավարությունը որոշում էր կայացրել կրկնակի փորձաքննություն անցկացնել հանքում։ Այն պետք է իրականացներ լիբանանական Elard ընկերությունը։
Ամուլսարի ոսկու հանքը պաշարների առումով Հայաստանի երկրորդ հանքավայրն է։ Հանքավայրը շահագործելու համար արտոնագիր է ստացել Հայաստանում Lydian International դուստր ընկերություն` GeoTeam-ը, որն ավելի ուշ վերանվանվել է «Լիդիան Արմենիայի»։ Ամուլսարի լեռնագագաթը գտնվում է Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի սահմանագլխին՝ Ջերմուկ քաղաքից 10 կմ հեռավորության վրա:
«Սիրելի Սերժ, բնակարան գնեք Իջևանում». Միհրան Հակոբյանը բաց նամակ է գրել