Վթարից հետո Գառնիի մանկապարտեզի կոլեկտիվի անդամներից 8-ը դեռ հիվանդանոցում են. մանրամասներ

Առողջապահության նախարարությունը ճշտել է տուժածների թիվը։ Գառնիի գյուղապետը հիվանդանոցում է` համագյուղացիների կողքին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի — Sputnik. Դիլիջան-Գոշավանք ճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով տուժել են ոչ թե 18, ինչպես նշվել էր մամուլում, այլ 11 քաղաքացի։ Sputniк Արմենիային այս մասին հայտնեց առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը:

Վթարի է ենթարկվել Գառնի գյուղի մանկապարտեզի կոլեկտիվին տեղափոխող ավտոբուսը․ կա 18 վիրավոր

«Տուժածները տեղափոխվել են «ԻՌ-ՎԻՆԳ» ՍՊԸ (Դիլիջանի «Տավուշ» բժշկական կենտրոն։ Նրանցից 3-ի մոտ ախտորոշվել է ոսկրերի կոտրվածք, մնացած 8-ի մոտ կան սալջարդեր և թեթև քերծվածքներ»,– ասաց նա։

ՃՏՊ–ից տուժած բոլոր անձինք ստացել են համապատասխան ամբուլատոր օգնություն։

Գառնիի գյուղապետ Ահարոն Սահակյանը, որը վթարի մասին իմանալով անմիջապես մեկնել է Դիլիջան և այս պահին գտնվում է հիվանդանոցում` համագյուղացիների կողքին, Sputnik Արմենիային հայտնեց, որ տուժածներից 8-ն այս պահին դեռ հիվանդանոցում են։

Ողբերգական վրաերթ Արագածոտնում. տղամարդը տեղում մահացել է

«Ավտոբուսում եղել է 24 ուղևոր։ Երեխաներ, բարեբախտաբար, չեն եղել։ Միայն կոլեկտիվն է եղել։ Նախնական տվյալներով` վթարի պատճառը մեքենայի անսարքությունն է»,– ասաց գյուղապետը։

Սահակյանը հայտնեց, որ ավտոբուսը մանկապարտեզինը չէ, կոլեկտիվն է վարձակալել։

«Վարորդը մեր համագյուղացին է։ Նման էքսկուրսիաների համար հաճախ են վարձակալում նրա ավտոբուսը»,– ասաց գյուղապետը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր` օգոստոսի 3-ին, Տավուշի մարզում ПАЗ մակնիշի ավտոմեքենայի վարորդը Գոշ գյուղի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե սյուներին և, առաջ ընթանալով, հայտնվել ձորակում։

Շիրակի մարզում հովիվները կայծակնահարվել են. մեկը մահացել է