Սոչիի օդանավակայանի հայ աշխատակիցներն իրենց բողոքն են ներկայացրել հյուպատոսին

Սոչիում ՀՀ հյուպատոս Տիգրան Սարգսյանը, հայ համայնքի ներկայացուցիչներն ու հայազգի պատգամավորները քննարկել են աղմկահարույց հայտարարությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. ՀՀ դիվանագիտական ներկայացուցչության նախաձեռնությամբ Սոչիի «Սևան» հայկական մշակութային տանը կայացել է հանդիպում-քննարկում, որին մասնակցել են Սոչիի օդանավակայանի հայազգի աշխատակիցները (Ռուսաստանի Դաշնության ավելի քան հիսուն քաղաքացի), նրանց թվում՝ օրեր առաջ հրապարակված հայտարարությունը ստորագրած անձինք, հայ համայնքի ներկայացուցիչներ, քաղաքային ժողովի հայազգի պատգամավորներ և Սոչիում ՀՀ հյուպատոս Տիգրան Սարգսյանը: Այս մասին հայտնում է ՌԴ–ում Հայաստանի դեսպանությունը։

«Հանդիպմանը օդանավակայանի աշխատակիցները ներկայացրել են ստեղծված իրավիճակի շուրջ իրենց դիտարկումներն ու դիրքորոշումը, որոնց շուրջ ընթացել է բազմակողմ քննարկում»,– նշված է հաղորդագրության մեջ։

Հանդիպման արդյունքում որոշվել է ձևավորել նախաձեռնող խումբ և ստեղծված իրավիճակի ուսումնասիրման նպատակով դիմել ՌԴ պատկան մարմիններ և հաջորդիվ կազմակերպել հանդիպում՝ հարցի կարգավորման նպատակով։

«Հայերը շահարկում են ազգային պատկանելությունը». Սոչիի օդանավակայանի պարզաբանումը

Վերջին օրերին լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել, որ «Սոչիում ազգային հատկանիշով պայմանավորված «զտումներ» են ընթանում ու հայերին ազատում են աշխատանքից»։ Նաև հրապարակվել էր հայկական ծագում ունեցող 23 քաղաքացու ցուցակ, որոնք հեռացվել էին աշխատանքից։ Հեռացված աշխատակիցները նաև հայտարարություն էին տարածել, որում հանրային աջակցություն էին հայցում։ Հայտարարության մեջ նշվում էր, որ արդեն երկրորդ տարին է` օդանավակայանում աշխատանքից ազատում են հայերին։

Ի՞նչ է կատարվում Սոչիի օդանավակայանում, և ի՞նչ դեր ունի հայկական ազգանունը