ՌԱԴԻՈ

Բաղդասարյան. «Նախկին իշխանությունները չեն կարող ընդդիմադիր լուրջ բևեռ լինել»

Իրական ընդդիմություն լինելու և նախկինների հետ չասոցացվելու համար քաղաքական ուժը պետք է ծրագիր ու ճանապարհային քարտեզ ներկայացնի։
Sputnik

 

Բաղդասարյան. «Նախկին իշխանությունները չեն կարող ընդդիմադիր լուրջ բևեռ լինել»

Քաղաքական մեկնաբան Արմեն Բաղդասարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում իր տեսակետն է ներկայացրել՝ կապված երկրում նոր ընդդիմադիր բևեռի ձևավորման հնարավորության հետ։ Ըստ Բաղդասարյանի՝ եթե անգամ իշխանությունների նկատմամբ հասարակության վստահության մակարդակը նվազել է՝ չի նշանակում, որ նախկին իշխանությունների նկատմամբ վերաբերմունքը փոխվել է։

«Այո՛, այստեղ կա ընդդիմադիրի խնդիր, կա ընդդիմադիր լուրջ բևեռի ձևավորման խնդիր, բայց այդ բևեռը չեն կարող լինել նախկին իշխանությունները, առավել ևս՝ Ռոբերտ Քոչարյանը»,-համոզմունք է հայտնում Արմեն Բաղդասարյանը։

Նրա խոսքով՝ Քոչարյանը քաղաքական թիմ ընդհանրապես չունի, իսկ այն, ինչ նա ունի՝ քաղաքական թիմ չէ։

«Հանրապետական կուսակցության պարագան փոքր ինչ այլ է, որովհետև ՀՀԿ-ն լուրջ փորձառություն ունեցող կուսակցություն է։ Իսկ Քոչարյանը, որպես քաղաքական գործոն՝ չկա»,-ասում է քաղաքական մեկնաբանը։

Ինչո՞ւ Քոչարյանի շուրջ չի ձևավորվի ընդդիմադիր նոր բևեռ. մեկնաբանում է քաղտեխնոլոգը

Ինչ վերաբերում է արտախորհրդարանական մյուս ուժերի, մասնավորապես՝ ՀՅԴ, «Մեկ Հայաստան», «Ազատություն», «Ազգային օրակարգ», «Երկիր Ծիրանի» կուսակցությունների որդեգրած գործելաոճին, ապա քաղաքական մեկնաբանը կարծում է, որ նրանց գործունեությունը հասարակությունն ասոցացնում է նախորդ իշխանություններին վերադարձնելու փորձի հետ։

Բաղդասարյանը չի կարծում, որ քաղաքական ուժերի այդ խումբը կարող է առանցքային դերակատարություն ունենալ ընդդիմադիր բևեռի ձևավորման հարցում։

Իրական ընդդիմություն լինելու և նախկինների հետ չասոցացվելու համար, ըստ քաղաքական մեկնաբանի, կարևորագույն պայման է, թե ինչ ծրագիր ու ճանապարհային քարտեզ կներկայացնի այդ ուժը։

Արմեն Բաղդասարյանի համար տարօրինակ է, որ վարչապետի և նախագահի փոխգործակցությունն այնքան էլ ակտիվ չէ: Նա կարծում է, որ այդ ակտիվությունից Հայաստանը միայն կշահեր։

«Թարմ դեմքեր» և լայն զանգվածներին ոտքի հանող հարցեր. ի՞նչը կմիավորի այսօրվա ընդդիմությանը

Հայաստանում ե՞րբ կառաջանա այլընտրանքի պահանջարկ. ընդդիմության հաջողության բանաձևը