ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի — Sputnik. Երևան-Սևան ճանապարհի սկզբնամասում այսօր` օգոստոսի 2-ին տեղի ունեցած պայթյունից հետո, կամրջի վրա գտնվող վնասված ավտոմեքենաներից մեկի ղեկին գտնվող քաղաքացին դիմել է փախուստի է։ Այդ մասին հայտնում են ոստիկանության լրատվության վարչությունը։
«Դեպքի վայրից մի քաղաքացի առանց իրավապահների թույլտվության, պայթյունի հետևանքով վնասված մեքենաներից մեկով հեռացել է՝ չենթարկվելով ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին»,- նշված է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ։
Թե ով է եղել նշված ավտոմեքենայի ղեկին, ինչպես է նրան հաջողվել դեպքի վայրում գտնվող ոստիկանների աչքի առաջ փախուստի դիմել , ոստիկանությունը չի մանրամասնում։
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում կարճ ժամանակում մեքենան հայտնաբերվել և վերադարձվել է դեպքի վայր։ Ու թեև, դեպքի այլ մանրամասներ չեն հաղորդվում, բայց նշվում է, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի հատկանիշներով, այն է` իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը։
Հիշեցնենք` այսօր, ժամը 12:17-ին «911» ծառայությունն ահազանգ էր ստացել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ արծվի արձանի մոտակայքում, տեղի է ունեցել պայթյուն, որի հետևանքով ավերվել էր ավտոճանապարհի վրա գտնվող կամրջի ասֆալտե ծածկույթը։ Պայթյունի հետևանքով վնասվել էին ճանապարհով ընթացող Range Rover մակնիշի 555 LL 05 համարանիշի և Nissan մակնիշի 35 MD 686 համարանիշի ավտոմեքենաները, որոնցից առաջինը, ըստ մամուլի տեղեկությունների, պատկանում է Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գործարար Մելիք Մանուկյանին (Շշի Մելո)։ Ավտոմեքենաները պայթյունի պահին կամրջին են եղել։ Զոհեր և վիրավորներ չկան: Պայթյունի փաստով Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում մինչ այդ արդեն հարուցվել էր քրեական գործ`Քրեական օպրենսգրքի 104 հոդվածի 2–րդ մասի 6–րդ կետի (շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձ) և 235 հոդվածի 1–ին մասի (ապօրինի կերպով զենք–զինամթերք ձեռքբերելը, պահելը) հատկանիշներով։