«Սանիթեքի» դեմ գործը քաղաքական ենթատեքստ ունի. ուզում են խլել մեր ունեցվածքը. տնօրեն

Նիկոլաս Թավիլն ասաց, որ ընկերության դեմ հարուցված քրեական գործն անհիմն է ու կեղծ, և որ իրենք քաղաքական ճնշման են ենթարկվում Հայաստանում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի — Sputnik. Հարկերից խուսափելու համար «Սանիթեքի» դեմ հարուցված քրեական գործը քաղաքական ենթատեքստ ունի: Դրա  նպատակը մասնավոր ընկերությունից նրա ունեցվածքը խլելն է։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 2-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ընկերության տնօրեն Նիկոլաս Թավիլը:

«Սանիթեք» ընկերությունը խոստանում է աղբի հարցը շատ արագ լուծել

Նրա խոսքով` միակ պատճառը, որ մամուլի ասուլիսը սկզբում նախատեսվել էր անցկացնել Թբիլիսիում, իսկ հետո որոշվեց սկայպով անցկացնել, ընկերության հանդեպ վարչական ճնշումն է։ Այդ ճնշման ապացույցներից մեկն էլ, նրա խոսքով, այս տարվա փետրվարին հարուցված քրեական գործն է։

«Գործը քաղաքական ենքատեքստ ունի։ Այն անհիմն է ու շինծու, նպատակը մեկն է` անարդար ճանապարհով զավթել մասնավոր ընկերության ունեցվածքը։ Այսպիսով, քաղաքային իշխանություն  ուզում է կրճատել ընկերության ֆինանսական միջոցները։ Քաղաքական ճնշում է նաև այն, որ քաղաքային իշխանությունը բազմիցս խոսել է պայմանագիրը չեղարկելու մտադրության մասին»,-ասաց նա։

Հիշեցնենք, որ «Սանիթեք» ընկերությունը մեղադրվում է խոշոր չափերով հարկեր չվճարելու մեջ։ «Սանիթեք ինթերնեյշնլ» ՍՊԸ և «Սանիթեք» ՍՊԸ հայաստանյան մասնաճյուղի վերաբերյալ նախապատրաստված նյութերով առանձնապես խոշոր չափերով հարկերը չվճարելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել դեռևս փետրվարի 22-ին։

Քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված անձինք չկան:

«Սանիթեքը» դատի է տվել Երևանի քաղաքապետարանին

Քրեական գործի նախաքննության ընթացքում «Սանիթեք» ՍՊԸ հայաստանյան մասնաճյուղի և «Սանիթեք ինթերնեյշնլ» ՍՊ ընկերության կողմից կատարված իրավախախտումների ծավալը պարզելու համար նշանակվել են համալիր հարկային ստուգումներ, որոնք դեռևս ընթացքի մեջ են:

Հիշեցնենք նաև, որ օրեր առաջ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարեց, որ քաղաքը չի կարող ունենալ այնպիսի աղբամաններ, ինչպիսին տրամադրում է «Սանիթեք» ընկերությունը, և որ քաղաքային իշխանությունները թույլ չեն տալու, որ Երևան քաղաքում աղբահանությունը մնա այս վիճակում:

Նա նշեց, որ քաղաքային իշխանությունն առավելապես աջակցել է «Սանիթեք» ընկերությանը, ամեն ինչ արել է, որ ընկերությունը ոտքի կանգնի, բայց ապարդյուն։