«Աննան առաջարկեց գաղափարը, սիրով համաձայնվեցի ֆինանսավորել». Նիկոլ Փաշինյան

Վարչապետը գրել է սահմանամերձ գյուղերի երեխաների համար կազմակերպվող ծրագրի մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի – Sputnik. ՀՀ վարչապետի կինը` Աննա Հակոբյանը, առաջարկել է սահմանամերձ գյուղերի երեխաների համար երևանյան միջոցառումներ անցկացնել, Նիկոլ Փաշինյանն էլ համաձայնել է վարչապետի աշխատակազմի պահուստային ֆոնդի գումարներով ֆինանսավորել գաղափարը։ Նա այս մասին գրել է Facebook սոցիալական ցանցի իր էջում։

«Աննան առաջարկեց այս գաղափարը, սիրով համաձայնվեցի ֆինանսավորել. սահմանամերձ գյուղերի 9-13 տարեկան շուրջ 700 երեխաներ այս օրերին այցելում են երևանյան այգիներ, զվարճանքի վայրեր, պիցերիաներ»,– գրել է Փաշինյանը:

Վարչապետը նշել է, որ երեխաները գալիս են 50-60 հոգանոց խմբերով և մի ամբողջ օր անցկացնում են Երևանում: Օրը ամփոփվում է Ազգային պատկերասրահում հատուկ նրանց համար իրականացվող ինտերակտիվ ծրագրով:

Տիրանին Չինաստանում միանգամից 3-րդ կուրս են տեղափոխել. նա Փաշինյանի օգնության կարիքն ունի

Նշենք, որ ՀՀ վարչապետի տիկին, «‹Իմ քայլը» և «City of smile/ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ իրականացվող ծրագրի կազմակերպման համար տրամադրվել է 3 միլիոն 600 հազար դրամ։ Ծրագրի մեկնարկը տրվել է հուլիսի 26-ին: Այս ընթացքում Երևան են այցելել Տավուշի մարզի Բաղանիս, Այգեպար, Ոսկեպար, Ներքին Կարմիրաղբյուր, Վերին Կարմիրաղբյուր, Արարատի մարզի Երասխ և Արմաշ գյուղերի երեխաները: Ծրագիրը շարունակվելու է մինչև օգոստոսի 16-ը:

Փաշինյանն ամփոփում է օրը. նա որոշել է` ով է լինելու իր նոր խորհրդականը