Քոչարյան. «Քաղաքական ընդդիմության կոնսոլիդացիան չեմ բացառում»

Քոչարյանի խոսքով` ընդդիմադիր ուժերի համախմբման համար կարևոր գործոն կարող է հանդիսանալ Ստամբուլյան կոնվենցիան։
Sputnik
Քոչարյան. «Քաղաքական ընդդիմության կոնսոլիդացիան չեմ բացառում»

Հետհեղափոխական շրջանում ստեղծված վակուումը չեզոքացնելու նպատակով քաղաքական ընդդիմության կոնսոլիդացիան հնարավոր և նորմալ գործընթաց է։ Այդ մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը։

Հայաստանում պահանջվում է ընդդիմություն. քաղտեխնոլոգը հուշեց, թե որտեղ փնտրել

«Ընդդիմության կոնսոլիդացիան չեմ բացառում և դա նորմալ պրոցես է. հատկապես հետհեղափոխական շրջանում օբյեկտիվորեն ստեղծվում է վակուում ընդդիմադիր դաշտում, որը պետք է լրացվի»,–նշեց նա։ 

Քոչարյանի խոսքով` ընդդիմադիր ուժերի համախմբման համար կարևոր գործոն կարող է հանդիսանալ Ստամբուլյան կոնվենցիան. նրանք կարող են համախմբվել Ռոբերտ Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանի շուրջ։ Հայաստանի երկրորդ նախագահն, ըստ Քոչարյանի, փորձառու քաղաքական գործիչ է, ունի բավականին լուրջ ռեսուրսներ`ֆինանսական, ուժային, աշխարհաքաղաքական: 

«Ինձ մոտ տպավորություն է, որ իշխանություններին ձեռ է տալիս, որ իրենց ընդդիմությունը լինի Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը, քանի որ այդ դեպքում ընդդիմությունը ոչ մի շանս չի ունենա. դա ի՛մ ընկալմամբ»,–ասաց քաղտեխնոլոգը։ 

Հիշեցնենք`օրերս «Գոլոս Արմենիին» տված հարցազրույցում Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը համոզմունք էր հայտնել, որ գործող իշխանության հարցը լուծվելու է փողոցում՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններով։ Երկրորդ նախագահը համոզմունք էր հայտնել, որ ընդդիմադիր դաշտում, առավել քան երբևէ, պարարտ հող է նախապատրաստվել ընդդիմադիր ուժերի  համախմբման համար, սակայն նշել էր, որ համախմբման միասնական կենտրոնն անմիջապես կձևավորվի։ Նա կարծիք էր հայտնել, որ այդ կենտրոնները կլինեն մի քանիսը, սակայն նրանց միջև ակտիվ փոխգործակցություն կհաստատվի։