Մարզպետը «ջրի երես է հանում» նախկին քաղաքապետի գործերը

Լոռու մարզպետը հրապարակել է Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանի` 13 տարի առաջ ընդունած որոշումը։ Մանկապարտեզի շենքը տրվել է ՀՀԿ–ին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի — Sputnik. Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը Facebook-ում հրապարակում է արել, որտեղ ներկայացրել է Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի օրոք ընդունված որոշումներից մեկը, համաձայն որի քաղաքի մանկապարտեզի շենքը էժան գնով վաճառել են Հանրապետական կուսակցությանը։

«Ընդամենը 12.5 մլն դրամով Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը մանկապարտեզի շենքը` 884,5 քմ տարածքով, 2005թ.–ին Հանրապետական կուսակցության նախագահի դիմումի հիման վրա այն վաճառելու նպատակով օտարել է Հանրապետական կուսակցությանը: «Երեխաների համար նախատեսված շենքը չնչին արժեքով կուսակցական կառույցի վերածելը ինչ կարելի է որակել, եթե ոչ անբարոյականությո՞ւն։ Հետևությունները թողնում եմ ձեզ»,– գրել է մարզպետը։ Նա նաև հրապարակել է համապատասխան որոշման լուսանկարը, որից պարզ է դառնում, որ ՀՀԿ–ին վաճառած շենքը գտնվում է Վանաձորի Ազատամարտիկների փողոցի 1-ին նրբանցք 4 հասցեում։
Ի դեպ, ՀՀԿ գրասենյակն այս հասցում այժմ էլ գործում է։