Հայաստանը խաղաղապահներ է ուղարկել Աֆղանստան

Խաղաղապահների հերթական զորախմբին հրահանգավորել են ու անվտանգ ծառայություն մաղթել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik. Խաղաղապահ ուժերի բրիգադի հերթական զորախումբն օրերս մեկնել է Աֆղանստան: Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

«Հայ զինծառայողները խաղաղապահ առաքելություն կիրականացնեն Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցության ուժերի կազմում»,– նշված է հաղորդագրության մեջ:

Մինչ մեկնումը զորամիավորման հրամանատարությունը հրահանգավորել է անձնակազմին առաքելության առանձնահատկությունները և մաղթել խաղաղ ու անվտանգ ծառայություն:

Հայաստանը վերջին 15 տարիների ընթացքում խաղաղապահության լուրջ փորձ է կուտակել. Տոնոյան

Հիշեցնենք, որ անցած տարվա նոյեմբերին Աֆղանստան էր մեկնել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։

ՀՀ ԶՈՒ–ն միջազգային խաղաղապահ առաքելությամբ հանդես է գալիս դեռևս 2004թ. փետրվարից, երբ հայ խաղաղապահների 34 հոգանոց զորախումբը մեկնեց Կոսովո` հունական ստորաբաժանման կազմում խաղաղապահ առաքելություն իրականացնելու:

Սկսած 2010 թվականի փետրվարից` ՀՀ ԶՈՒ խաղաղապահ ստորաբաժանումը (մեկ դասակ) ընդգրկվել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության հրամանատարության տակ գտնվող ՄԱԱՈՒ (Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցման ուժեր) (ISAF) հյուսիսային հրամանատարության կազմում և իրականացրել է Կունդուզ քաղաքի օդանավակայանի անվտանգության ապահովման խնդիրները:

2010թ.-ից առ այսօր հայ խաղաղապահներն իրենց անձնուրաց ծառայությամբ հանդես են եկել Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում,Կունդուզում, ինչպես նաև Մազարի Շարիֆ քաղաքներում տեղակայված ռազմական զինավաններում: