Վինիլային նվագարկիչ և անտառային խոհանոց. Նիկոլ Փաշինյանը Կալավանում է

Կալավանի փորձը ցույց է տալիս, որ մի խումբ մարդիկ կարող են բնության հետ ներդաշնակ լինել ու միավորված զարգացնել իրենց գյուղը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընտանիքի հետ այցելել է Գեղարքունիքի մարզի Կալավան գյուղ։ Նա Facebook–յան ուղիղ եթերում զրուցեց Ռոբերտ Ղուկասյանի հետ, որը 10 հյուրատուն ունի գյուղում։

«Չկա այնպիսի գյուղ, որ ինքնուրույն զարգանալու ռեսուրսներ չունենա։ Ես, օրինակ, 10 հյուրատուն ունեմ, որտեղ գրեթե միշտ զբոսաշրջիկներ կան։ Ի դեպ, մինչև սեպտեմբերի վերջ մեր հյուրատներում այլևս տեղ չկա։ Կալավանի փորձը ցույց է տալիս, որ մի խումբ մարդիկ կարող են բնության հետ ներդաշնակ լինել ու միավորված զարգացնել իրենց գյուղը»,–ասաց Ղուկասյանը։

Նա պատմեց, որ առաջին հյուրատունն իրենց տան երկրորդ հարկում է բացել, իսկ հետո սկսել է ընդլայնել գործունեությունը։ Նրա խոսքով` հիմնականում Իսրայելի ու Գերմանիայի զբոսաշրջիկներն են այցելում Կալավան։

Փաշինյանը «սիմինդ փարթի» է կազմակերպել. վարչապետի հանգիստը շարունակվում է

«Կալավանում ամեն մեկն իր գործով է զբաղվում` մեկը պանիր է մատակարարում հյուրատներին, մյուսն անտառներից միրգ–բանջարեղեն է հավաքում... Կալավանում բոլոր հյուրատներն իրենք են սնունդ տրամադրում հյուրերին, մեզ մոտ ռեստորաններ չկան»,–ասաց նա։

Ղուկասյանը վարչապետին ցույց տվեց հյուրատներից մեկում դրված վինիլային հին նվագարկիչը, ինչին Փաշինյանի դուստրը զարմանքով արձագանքեց` ասելով, որ դրանից մուլտֆիլմերի մեջ է տեսել։ Ղուկասյանը հայտնեց նաև, որ իրենք անտառային խոհանոց ունեն և սնունդը բացառապես տեղի անտառների բարիքներից են պատրաստում։

Որտե՞ղ է Վարդավառը տոնում Նիկոլ Փաշինյանը. լուսանկար

Փաշինյանն այցն ամփոփելով` ասաց, որ Կալավանն այն օրինակն է, որտեղ կարող է ցույց տալ, որ անհատական ջանքն իմաստ ունի։

Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 22-ից արձակուրդում է։ Նա արձակուրդում կլինի մինչև օգոստոսի 2-ը։

Փաշինյանը վայելում է երբեմնի կյանքի հաճույքները. նա նոր լուսանկար է հրապարակել