«ՀՀ վարչապետի ուղղաթիռից մտադիր եմ օգտվել ցանկացած պահի». Փաշինյանը զայրացել է

ՀՀ վարչապետը լրատվամիջոցից հերքում է պահանջում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին  զայրացել է «Իրատես» թերթում տպագրված «Պատգամավոր ընկերոջ ծնունդին ուղղաթիռով է Իջևան գնացել» հրապարակումը, որտեղ ասվում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղղաթիռով է մեկնել Իջևան։ Վարչապետը Facebook-յան էջում հավաստիացնում է, որ այդ լուրն իրականությանը չի համապատասխանում։

Որտե՞ղ է Վարդավառը տոնում Նիկոլ Փաշինյանը. լուսանկար

«Ընդհանրապես ուղղաթիռը ճոխություն չէ, այլ փոխադրամիջոց, բայց Սևանից Դիլիջան ընտանեկան միջոցառման, իսկ Դիլիջանից Իջևան ընկերոջ տարեդարձին ուղղաթիռով մեկնելը տրամաբանական չէր լինի»,- գրել է վարչապետը և համոզմունք հայտնել, որ լրագրողը լուրը հրապարակելուց առաջ կարող էր հարցնել իր մամուլի խոսնակին:

«Հիմա էլ էն դարը հո չէ՞, երբ երկրի ղեկավարի մամլո խոսնակը լրագրողների զանգերին չի պատասխանում:Նաև զարմանում եմ այն մարդկանց վրա, ովքեր նման լուրերին վստահությամբ են վերաբերվում: Բա ժողովուրդ ջան, տասնյակ տարիներ ձեզ նման լուրերով են խաբել-թալանել, հիմա էլ ուզում են համոզել, թե էսօրվա կառավարությունն էլ է նույն կերպ ձեզ խաբում-թալանում»,-գրել է վարչապետը:

Վարչապետը վստահ է, որ լրագրողի ասածն այն է եղել, թե իրենք ավելի լավ էին խաբում-թալանում, որովհետև մի շարք լրատվամիջոցների համար երկրում իսկապես բան չի փոխվել։ Փաշինյանը վստահեցրել է, որ մամուլի հետ կապված հարցերը  կլուծվեն անպայման՝ օրենքի և իրավունքի հիման վրա:

Նիկոլ Փաշինյանի հայրական տան մոտ ոստիկանության «պոստ» են դրել. «Ժամանակ»

«ՀՀ վարչապետի ուղղաթիռից մտադիր եմ օգտվել ցանկացած պահի, երբ դա անհրաժեշտ կլինի իմ գործունեության համար, ինչպես օգտվում եմ վարչապետի ավտոմեքենայից, աշխատասենյակից, հատուկ կապից: Սրանից իրադարձություն պետք չի սարքել»,-եզրափակել է Փաշինյանը:

ՀՀ վարչապետի աշխատակազմն անթույլատրելի է համարում այս հրապարակման մեջ տեղ գտած ոչ ճիշտ տեղեկատվությունը ու, «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերի համաձայն, պահանջում է «Իրատես» թերթում և Irates.am կայքում հրապարակել դրա հերքումը: