Հայրենիքի «քաղցր օդի» դառը հեգնանքը. ինչու է թանկացել Երևան–Մոսկվա ավիատոմսերի գինը

Ռուսաստանից Հայաստան և հակառակ ուղղությամբ տոմսերը զգալի թանկացել են։ Sputnik Արմենիայի թղթակիցը փորձել է պարզել`ինչով է դա պայմանավորված։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Ռուսաստանից Հայաստան և հակառակ ուղղությամբ ավիատոմսերի թանկացումը կհանգեցի նրան, որ այլևս ոչ ոք չի ցանկանա գալ մեր երկիր։ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում այս կարծիքը հայտնեցին Հայաստանում և Ռուսաստանում ապրող քաղաքացիները։

«Իշխանությունները պետք է վերանայեն «Զվարթնոցի» կոնցեսիոն պայմանագիրը». Թորոսյան

TourDom.ru պորտալն այսօր տեղեկացրել է, որ Մոսկվա-Երևան և Երևան–Մոսկվա ավիատոմսերի միջին արժեքը օգոստոսի համար 43,8 %–ով աճել է անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, այսինքն` կազմում է մոտ 111 հազար 800 դրամ։

Ոմանք գնաճը կապում են Վրաստանի հետ ավիահաղորդակցության արգելքի հետ, որովհետև ուղևորները ստիպված են Երևանով կամ Բաքվով մեկնել Թբիլիսի։ Դրանից էլ օգտվում են ավիաընկերությունները։

Ռուսաստանի քաղաքացի Արսեն Հակոբյանը սահմանված սակագները աբսուրդային է համարում։ Նրան հանդիպեցինք Երևանում «Աերոֆլոտ» ընկերության դրամարկղի մուտքի մոտ։ Նա Երևան–Մոսկվա չվերթի տոմս էր գնում ու գանգատվում ստեղծված իրավիճակից։

«Տոմսերը տարեցտարի թանկանում են։ Ի՞նչ իմաստ ունի այսօր Երևան մեկնել, եթե կարելի է ավելի քիչ գումարով այլ երկիր մեկնել։ Տոմսերը սարսափելի թանկացել են, նոր իշխանությունը պետք է որևէ բան ձեռնարկի», – ասաց Հակոբյանը։

Նա ընդգծեց, որ Հայաստան հաճախ է գալիս` առնվազն ամիսը մեկ անգամ, և մինչ օրս չի կարողանում հասկանալ, թե ինչու է Ռուսաստանից Հայաստան գալն ավելի մատչելի, քան Հայաստանից Ռուսաստան մեկնելը։

«Իսկապես աբսուրդ է։ Հասկանում եմ, որ հայրենիքի օդն ավելի քաղցր է, բայց ոչ այդքան», – հեգնեց Հակոբյանը` ակնարկելով «օդի հարկը»։

Նա նշեց, որ եթե անցած տարի մեկնելու նախորդ օրը կարող էր Երևան–Մոսկվա չվերթի տոմս գնել 95 հազար դրամով, ապա այսօր տոմսը գնել է 155 հազար դրամով։

ՀՀ կառավարությունը 2008 թվականի դեկտեմբերի 30-ին փոփոխություններ է մտցրել պետական տուրքի մասին օրենքում, որի համաձայն` 2009 թվականի մարտի 29-ից Հայաստանից մեկնող բոլոր անձանցից, բացի մինչև 12 տարեկան երեխաներից, տրանզիտային ուղևորներից, Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներից, հաշմանդամներից և վետերաններից, Հայրենական մեծ պատերազմում զոհվածների այրիներից, Հայաստանի ազգային հերոսներից և Խորհրդային Միության հերոսներից, ավիատոմսեր գնելիս «օդի հարկ» է գանձվում։ Հարկը 10 հազար դրամ է, որը ներառվում է ավիատոմսերի գնի մեջ։ 2014 թվականից լոուքոսթերներ ներգրավելու համար հարկը չեղարկվել էր Գյումրու «Շիրակ» օդանավակայանի համար։

Իսկ ռուսական ավիաընկերություննե՞րը

Այսօր միայն Մոսկվայից Երևան օրական մինչև 12 չվերթ է իրականացվում։ Դրանց մեծ մասը բաժին է ընկնում ռուսական փոխադրողներին` Utair, S7, Aeroflot, Ural Airlines, Red Wings։

Երևանը շատ մոտ է, բայց... վրացական ավիաընկերությունը նոր տրանզիտ կառաջարկի դեպի Մոսկվա

Հասկանալու համար, թե ինչի հետ է կապված ավիատոմսերի գների նման կտրուկ աճը, Sputnik Արմենիան դիմեց Երևանի ուղղությամբ չվերթեր իրականացնող ռուսական մի քանի ավիաընկերության։ Բոլորն էլ պատասխանեցին, որ տեղեկություն չունեն և իրավիճակը պարզելու համար իրենց ժամանակ է պետք։

Aeroflot–ի հայաստանյան գրասենյակում նույնպես հրաժարվեցին պատասխանել` ասելով, որ տեղեկություն կարելի է ստանալ միայն Մոսկվայի գրասենյակում։

Ու՞ր մեկնել, եթե վիզա ստանալու ժամանակ ու նյարդեր չունեք. թոփ 5 երկրներ

«Ընդհանրապես, եթե ուղևորը տոմս է գնում թռիչքից մեկ օր առաջ, բնականաբար, թանկ է լինում։ Դա միջազգային պրակտիկա է», – Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ռուսական ավիաընկերություններից մեկի օպերատորը։

Առայժմ հայտնի չէ` գների աճն իրականում կապված է վրացական ուղղության փակման հետ, թե ոչ։ Շատերը սա կապում են արձակուրդի շրջանի հետ։

Իսկ գործնականում...

Տեսականորեն չվերթերի և ուղևորների քանակի ավելացմանը զուգահեռ ավիատոմսի գինը պիտի էժանանա։ Գործնականում ամեն ինչ հակառակն է. ավիաընկերությունները բարձրացնում են գները հենց high season–ի ժամանակ։ Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ քաղավիացիայի գլխավոր վարչության նախկին ղեկավար Շահեն Պետրոսյանը։

«Տրամաբանության համաձայն` տոմսը պետք է ավելի մատչելի լինի։ Սակայն կտրուկ թանկացումը պայմանավորված է նրանով, որ մենք սեփական ավիաընկերություն չունենք։ Դա «Աերոֆլոտի» մենաշնորհն է, ինչ սակագին կցանկանա, այն էլ կսահմանի», – ասաց Պետրոսյանը։

Նա համոզված է, որ եթե Հայաստանը ազգային ավիափոխադրող ունենար, իրավիճակը բոլորովին այլ կլիներ։

«Տարոն Ավիա» ընկերության կոմերցիոն տնօրեն Լևոն Քարամյանն էլ ընդգծեց, որ յուրաքանչյուր ավիաընկերություն ինքն է սահմանում ավիատոմսերի գները` կախված դասից։

Բաքվից`Երևան․ Լեոնիդ Ագուտինը «ադրբեջանական շոգից» հետո հանգստանում է Երևանում

«Ամռանը տոմսերը վաճառվում են ավելի բարձր գնով, քանի որ մեծ պահանջարկ կա», – Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Քարամյանը։

Նրա խոսքով` կտրուկ գնաճի հիմնական պատճառը ռուսական փոխադրողներին մրցակցային այլընտրանք չունենալն է։ Գների իջեցման է հանգեցնում առողջ մրցակցությունը։ Իսկ Ռուսաստանի օդանավակայաններում, ըստ նրա, ոչ մրցունակ միջավայր է, որտեղ ավիաընկերություններին սպասարկելու համար երկու սակագին է գործում օտարերկրացիների և տեղացիների համար։ Ընդ որում` Հայաստանում «բաց երկնքի» քաղաքականության շրջանակում բոլոր ավիաընկերություններին հավասար պայմաններ են առաջարկվում։

Օրինակ` օդային նավիգացիան հայ փոխադրողի դեպքում Երևան–Մոսկվա–Երևան չվերթի համար 2500 դոլար արժե, իսկ ռուսական ավիաընկերությունը նույն չվերթի համար վճարում է 700 դոլար։

«Մենք ԵԱՏՄ անդամ ենք և չպետք է սպասարկվենք որպես օտարերկրյա ավիաընկերություն։ Այս հարցով մենք արդեն դիմել ենք ԵԱՏՄ հանձնաժողովին։ Մեզ պատասխանել են, որ շուտով դրանով կզբաղվեն», – ասաց Քարամյանը։

Ինչ վերաբերում է Երևանից իրականացվող չվերթերի բարձր գնին, ապա դա, ըստ Քարամյանի, պայմանավորված է «օդի հարկով»։

Ինչո՞ւ է բարդացել Շենգենյան վիզա ստանալը. պատգամավորն ու մասնագետը մտահոգ են