Ինչպես չսխալվել Հայաստանում տուրօպերատոր ընտրելիս. փորձագետի խորհուրդները

Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահը մատնանշում է այն կետերը, որոնց պետք է ուշադրություն դարձնել տուրիստական ուղևորություն գնելիս։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի — Sputnik. Որևէ տուրիստական ընկերությանը հանգստի կազմակերպումը վստահելուց առաջ պետք է դրա հետ պայմանագիր կնքել, որում նշված կլինեն ուղևորության մանրամասները։ Եթե ընկերությունը հրաժարվում է նման պայմանագիր կնքելուց, ապա չարժե դրան վստահել։ Նման խորհուրդ է քաղաքացիներին տվել Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը։

Կառավարությունը պատրաստ է վճարել` ՀՀ քաղաքացիներին Եգիպտոսից Հայաստան տեղափոխելու համար

Տուրիստական ընկերության ընտրության հարցն ավելի քան արդիական է դարձել A&R Tour տուրօպերատորի հետ պատահած միջադեպից հետո։ Հայաստանցի զբոսաշրջիկները հուլիսի 24–ին չէին կարողացել Եգիպտոսից հայրենիք վերադառնալ տուրօպերատորի հետ առաջացած խնդիրների պատճառով։ Դեպի Եգիպտոս (Շարմ էլ Շեյխ և Հուրգադա) տոմսեր են վաճառվել, իսկ ավելի ուշ այդ ուղղություններով չվերթները չեղարկել են, քանի որ ընկերությունը փոխադրողին չարթերի դիմաց գումարը չի փոխանցել։

Կառավարությունը միջամտել է, երկու չարթերային չվերթ է իրականացրել, որոնց միջոցով 307 մարդ Հուրգադայից հայրենիք են հասցրել։ Նախատեսվում է օգոստոսի 1–ին երրորդ հատուկ չվերթն իրականացնել։

«Նախ պետք է պայմանագիր կնքել տուրիստական ընկերության հետ։ Այնտեղ պետք է նշված լինեն ուղևորության հետ կապված բոլոր մանրուքները. տրանսպորտը, տրանսֆերը, հյուրանոցը, սնունդը», – ասաց Ապրեսյանն այսօր լրագրողների հետ զրույցում։

Եգիպտոսում մնացած հայ զբոսաշրջիկների համար կկազմակերպվի ևս 1 չվերթ. դեսպանություն

Նրա խոսքով` պայմանագրում պետք է նշված լինեն նաև դրա լուծարման պայմանները, եթե կողմերից մեկը չկատարի պայմանագրի դրույթներից որևէ մեկը։ Ապրեսյանը վստահ է, որ պայմանագիրը թույլ կտա խուսափել ավելորդ քաշքշուկից։

Ինչու հայ զբոսաշրջիկները չեն կարողանում Եգիպտոսից Հայաստան վերադառնալ. հայտարարություն

Բացի այդ, կոնկրետ ընկերություն դիմելուց առաջ պետք է ուսումնասիրել դրա պատմությունը, ծանոթանալ հաճախորդների արձագանքներին։

«Ցավոք, բոլոր տուրօպերատորները չեն, որ պայմանագրով են աշխատում, բայց խնդիրն այն է, որ բոլոր քաղաքացիները չեն, որ պահանջում են այն», – նշեց Ապրեսյանը։

Ապրեսյանը վստահ է, որ հետագայում նման խնդիրներից խուսափելու համար պետք է վերանայել զբոսաշրջության մասին գործող օրենքը։

Տուրիզմի հայկական ֆեդերացիան արդեն նոր օրինագիծ է մշակել։ Այն մինչ տարեվերջ կքննարկվի խորհրդարանում։

Նոր նախագծի հիմնական պահանջը տուրիստական ընկերությունների պարտադիր լիցենզավորումն է։ Առաջարկվում է նաև մեխանիզմ ներդնել, որը կգործի այն դեպքում, եթե ընկերությունը չի կատարել իր պարտականությունները։