«Հայկական Սթոունհենջում» պեղումներ իրականացնելու համար նոր ծրագիր կմշակեն

Ակտիվիստները հայտարարում են, որ այստեղ է եղել աշխարհի հնագույն աստղադիտարանը, իսկ հնագետներն առարկում են. այստեղ դամբարան է եղել, թեև՝ նույնպես հին։ Իրենք պատրաստ են ներկայացնել կատարված ուսումնասիրությունների արդյունքները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի — Sputnik. ՀՀ Սյունիքի մարզի «Զորաց քարեր» (Քարահունջ) հնավայրի տարածքում իրականացվող պեղումները կընդհատեն՝ դրանք հանրության հետ մանրամասն քննարկելու համար։ Այս մասին այսօր լրագրողներին ասաց ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների թեկնածու Պավել Ավետիսյանը։

«Հայկական Սթոունհենջում» պեղումներ իրականացնելու համար նոր ծրագիր կմշակեն

Հայաստանի հնագետների մեծ մասը հակված է այն մտքին, որ հուշարձանը հնագույն դամբարանային համալիր է։ Դրան ցավագին է արձագանքում հասարակության որոշակի մասը։

Քարահունջն աշխարհի հնագույն աստղադիտարաններից մեկն է, հայտարարում են հնագետների հակառակորդները։ Իրենց ենթադրությունները նրանք կառուցում են Քարահունջի և կելտական Սթոունհենջի նմանության վրա։  Այն նաև ուղղահայաց կանգնած քարերով մեգալիթյան կառույց է։ Այդ քարերի օգնությամբ աստղագիտական ուսումնասիրություններ են իրականացվել, համոզված են ակտիվիստները։

«Հայկական Սթոունհենջում» պեղումներ իրականացնելու համար նոր ծրագիր կմշակեն

Այդ կապակցությամբ Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայությունը համաձայնել է կասեցնել պեղումները, իսկ դրանք շարունակելու համար մանրակրկիտ ծրագիր կազմել։ Փորձաքննություն անցկացնող թիմում կարող են ներգրավվել երկրաբաններ, պալեո–աստղագետներ (հին աստղադիտարանների մասնագետ) և այլ մասնագետներ։

«Որպես հնագետ՝ հայտարարում եմ, որ քարե հիմքը, որի վրա կանգնած է հուշարձանը, չի կարող 7.5 հազար տարեկան լինել, ինչպես նրան վերագրում են։ Այդ հիմքն ավելի երիտասարդ է։ Սակայն եթե ինչ–որ մեկն այլ տեսակետ ունի, ապա, խնդրեմ՝ մենք պատրաստ ենք ներկայացնել մեր ընդդիմախոսներին բոլոր ուսումնասիրությունների արդյունքները, որոնք այնտեղ անցկացվել են, և հիմնավորել մեր տեսակետը», – ավելացրեց նա։

Հնագետների նախնական եզրակացության համաձայն՝ այդ համալիրը շուրջ 2.5 հազար տարեկան է, իսկ պեղումները վկայում են այն մասին, որ այստեղ մարդիկ են թաղվել։

Նոր բացահայտում. Քարահունջը միակը չէ, Հայաստանի տարածքում նման կառույցները մի քանիսն են

«Հայկական Սթոունհենջում» պեղումներ իրականացնելու համար նոր ծրագիր կմշակեն

«Այստեղ տարբեր տարիքի մարդկանց 6 կմախք են հայտնաբերել։ Մեկի վրա հարվածի հետքեր կան, որոնցից հետո, սակայն, մարդն ապրել է։ Այսպես թե այնպես, հապճեպ հայտարարություններ չենք անի և կսպասենք փորձաքննության արդյունքներին»,-հայտարարեց Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության գիտքարտուղար, պատմական գիտությունների դոկտոր Աշոտ Փիլիպոսյանը։

«Հայկական Սթոունհենջում» պեղումներ իրականացնելու համար նոր ծրագիր կմշակեն

Այստեղ ընդհանուր առմամբ շուրջ 175  առարկա են գտել, այդ թվում` խեցեղեն, մանյակ, զենք, պերճանքի առարկաներ։ Երբ «Զորաց քարերի» մոտ թանգարան կառուցեն, հայտնաբերված իրերը կտեղափոխեն նոր պահոց։ Այստեղ կկառուցեն նաև ցանկապատ և ինչպես այլ հնագիտական հուշարձանների մոտ՝ անվտանգության աշխատակիցներ կկանգնեցնեն` «սև գանձախույզներին» հետևելու համար։

Իսկ մինչ այդ պեղումների ծրագիրը կրկին կքննարկվի` հնագիտության և հնագույն աստղագիտության մասին բոլոր հնարավոր հարցերին պատասխանելու համար։

Քարահունջը խախտումներո՞վ են պեղել. հնագետներին մեղադրում են, նրանք էլ՝ հակադարձում