ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik. «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք է կատարել Հուրգադայում մնացած հայ զբոսաշրջիկների երկրորդ խմբի ինքնաթիռը: Sputnik Արմենիային այս մասին ասաց օդանավակայանի մամուլի քարտուղար Սաթենիկ Հովհաննիսյանը։
Այս չարտերային չվերթով Երևան են եկել A&R Travel ընկերության ծառայություններից օգտված զբոսաշրջիկները` ավելի քան 170 մարդ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հուլիսի 25–ին չվերթի չեղարկման հետևանքով ՀՀ քաղաքացիները մնացել էին Եգիպտոսի Հուրգադա հանգստավայրում։ Տեղեկություն տարածվեց, որ A&R տուրօպերատորը չի կատարել հունական Orange to Fly ավիաընկերության նկատմամբ ունեցած ֆինանսական պարտականությունները։
Facebook սոցիալական ցանցում ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանն ավելի ուշ հայտնեց, որ կառավարությունը պատրաստ է վճարել ՀՀ քաղաքացիներին չարտերային թռիչքով Եգիպտոսից Հայաստան տեղափոխելու համար։
Հուլիսի 26–ին Հուրգադայում «գերի» մնացած զբոսաշրջիկներից 132–ը վերադարձան Հայաստան։