Հայաստանի զինված ուժերում անակնկալներ լինելու են, բայց հիմա դեռ վաղ է այդ մասին խոսել։ ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանն այսօր լրագրողներին խնդրեց բավարարվել նախարար Դավթ Տոնոյանի ասածով։
«Այն, ինչ ասել է պաշտպանության նախարարը, կխնդրեմ` այդքանով բավարարվեք։ Բայց շուտով շատ հետաքրքիր անակնկալներ կլինեն, ընդ որում` մի քանի ուղղությունից։ Արդեն ոչ թե քննարկումների, այլ կիրառական փուլում ենք։ Շուտով հնարավորություն կունենանք դրանց մասին բարձրաձայնել հրապարակավ»,– ասաց նա։
Հիշեցնենք, որ հուլիսի 22-ին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը լրագրողների հետ զրույցում խոսել էր Ռուսաստանից պատվիրված Սու-30 ինքնաթիռների մասին` նշելով, որ Հայաստանը դրանք կստանա այս տարվա վերջից հաջորդ տարվա սկիզբն ընկած ժամանակահատվածում։ Պատասխանելով «Տոռ» հակաօդային պաշտպանության համակարգերի մասին հարցին` նախարարը ժպտացել էր ու ասել`շատ հետաքրքիր համակարգեր են։
Սպառազինության մասին խոսելիս Տոնոյանը նշել էր որ շատ բաներ հիմա չի կարող ասել, բայց «ռազմական անակնկալներ են լինելու»։