Տարիներ անց Քոչարյանը պատմության մեջ կմտնի առանց ներկայիս սին մեղադրանքների. Սողոմոնյան

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարը վստահ է, որ ՀՀ երկրորդ նախագահի հանդեպ քրգործի պատճառով բազմաթիվ հարվածներ է ստանալու պետությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik. Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը տարիներ անց կմտնի պատմության մեջ առանց այժմ իր դեմ առաջադրված սին մեղադրանքների։ Այսօր Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը

«Արդեն պարզ է՝ Քոչարյանի դեմ հարուցված գործն ունի ճիշտ այնքան կյանք, որքան կյանք ունի ներկայիս քաղաքական ուժը: Քոչարյանի դեմ քրգործով պարզ է նաև, որ մեղադրական կողմը ջախջախիչ պարտություն է կրել, քանի որ նրանք որևէ իրավական փաստարկ չունեն: Պետք է արձանագրենք, որ իրավական համակարգը ճկռել է Քոչարյանին ամեն ձևով անազատության մեջ պահելու այս քաղաքական պատվերի տակ»,-ասաց նա:

Նրա խոսքով՝ այն, որ ՀՀ երկրորդ նախագահի գործը ոչ մի հեռանկար չունի, պարզ է։ Պարզ է նաև, որ Քոչարյանն ազատ է արձակվելու:

Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված քրեական գործից մեկ տարի է անցել. ինչ է արվել այս ընթացքում

Սողոմոնյանը կարծում է, որ Քոչարյանի գործի առնչությամբ պետությունը բազմաթիվ հարվածներ է ստանալու, քանի որ չի կարող նախկին նախագահի ապօրինի կալանավորումն ու նրա դեմ հարուցված քրգործն անհետևանք մնալ:

Նրա գնահատմամբ՝ Քոչարյանի դեմ քրգործը ճանապարհ է, որով բռնի ուժ է գործադրվում Հայաստանի իրավական համակարգի դեմ։

Անդրադառնալով դատական համակարգում բարեփոխումների թեմային՝ Սողոմոնյանը նշեց, որ այդ ոլորտում բարեփոխումները չպետք է իրականացվեն դատարանների մուտքերը փակելով:

«Արմեն Դանիելյաններ չպետք է լինեն դատական համակարգում, ոչ ոք չի ասում, որ բոլոր դատավորները լավն են կամ վատը: Վերցնել մեգաֆոնը ու մտնել դատավորների մեջ ու գոռգռալով, դատարանների մուտքերը փակելով ոչինչ չի փոխի: Բարեփոխումներն այդպես չեն անում: Կարծում եմ՝ պետք է դատավորների նշանակումը բարդացնել, նրանց գործունեության վերստուգման սխեմաներ պետք է ստեղծվեն»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ 2018 թվականի հուլիսի 26-ին Մարտի 1-ի գործով Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք առաջադրվեց ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:

Դատարանի որոշմամբ պարզ դարձավ քննիչի ու դատախազների փնթի աշխատանքը. Լևոն Քոչարյան

ՀՔԾ-ն միջնորդություն ներկայացրեց Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան Քոչարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոցը ընտրելու համար: Դատարանը բավարարեց միջնորդությունը և որոշեց Ռոբերտ Քոչարյանին կալանավորել։

Մայիսի 14-ին ԼՂՀ նախկին և ներկա նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու երաշխավորագիր ներկայացրին դատարան։ Մինչ այդ, գործի նախաքննության փուլում, Արցախի նախագահները նույնաբովանդակ միջնորդություն էին ներկայացրել նաև ՀՀ գլխավոր դատախազին։

Դատավոր Դավիթ Գրիգորյանը հայտնեց, որ երաշխավորությունը ներկայացնելու համար երաշխավորները պարտադիր պետք է ներկայանան դատարան։ Մայիսի 16-ին նախագահները ներկայացան դատարան ու հաստատեցին իրենց երաշխավորագիրը` որպես անձնական երաշխիք վճարելով 500 000-ական դրամ։

Մայիսի 18-ին Երևանի ընդհանուր իրավասությունների Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ, որոշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակել։

Հունիսի 25–ին ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը որոշում կայացրեց կրկին կալանավորել Արցախի նախկին և ներկա նախագահների անձնական երաշխավորությամբ ազատ արձակված Ռոբերտ Քոչարյանին, իսկ նրա և մյուսների վերաբերյալ գործի վարույթը կասեցնելու առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի որոշումը բեկանել և գործն ուղարկել նոր քննության։