ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի — Sputnik. Ամերիկյան Fox News հեռուստաընկերության թղթակից Քրիս Ուոլեսի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հարցազրույցն «Էմմի» մրցանակաբաշխության է առաջադրվել։ Այս մասին նշված է հեռուստաընկերության և մրցանակաբաշխության կայքերում։
Fox News–ին տված հարցազրույցը մրցանակի է հավակնում «Ուղիղ եթերում հարցազրույց» անվանակարգում, որում վեց հարցազրույց է ներկայացվել։
Ամերիկյան հեռուստատեսային ակադեմիան (Academy of Television Arts & Sciences) այս շաբաթ հայտնել է «Էմմի 2019» մրցանակաբաշխության հավակնորդների անունները։ Fox News–ն առաջին անգամ է առաջադրվում այս մրցանակաբաշխությանը։
«Այս լրագրողների ներկայացրած հստակ, թափանցիկ ու փաստերի վրա հիմնված աշխատանքներն առաջնահերթ նշանակություն ունեն մեր երկրի ու մեր քաղաքացիների տեղեկացվածության գործում», – ասել է հեռուստաակադեմիայի նախագահ ու գործադիր տնօրեն Ադամ Շարփը։
Թուրք հրուշակագործը Պուտինի համար կարկանդակ է թխել. լուսանկար
Հարցազրույցը կայացել է 2018 թվականի ամռանը Հելսինկիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումից անմիջապես հետո։ Այն ժամանակ երկու առաջնորդներն էլ առանձին–առանձին հարցազրույց էին տվել Fox News–ին, երկու հարցազրույցներն էլ վարել էր Քրիս Ուոլեսը։