ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik. Լոռու մարզի Թումանյան կայարանի մոտակայքում այրվում է բեռնատար գնացքի շարժակազմ՝ վառելիքով բեռնված գլանատակառներ: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։
«911» ծառայությունը հրդեհի մասին ահազանգը ստացել է հուլիսի 29-ին, ժամը 04:00-ին։
Հրդեհի բարդության 3-րդ կանչով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից ութ մարտական հաշվարկ, այնուհետև ևս մեկ մարտական հաշվարկ:
Բագրատաշենից Գյումրի ուղևորվող շարժակազմը բաղկացած է 29 վագոնից, որոնցից 17-ը գլանատակառներ են (50 տ տարողությամբ), բեռնված վառելիքով (բենզին), 4-ը` բեռնված ցորենով, 1-ը` ալյումինե նյութերով, իսկ մնացած շարժակազմերը դատարկ են: Գծերից դուրս է եկել երկրորդ լոկոմոտիվը:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի Ալավերդու տեղամասի 1 ջրատար և Ալավերդի քաղաքի կոմունալ տնտեսության 1 ջրատար:
Պարզվել է, որ այրվում է երկու 50 տ տարողությամբ գլանատակառ (շարժակազմում 3-րդը և 4-րդը), առկա է հրդեհի տարածման վտանգ դեպի մյուս գլանատակառներ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:31-ին:
ԱԻՆ–ը հավելյալ տեղեկություն կհայտնի ավելի ուշ։
Վերելակի պոկվելու հետևանքով 59-ամյա տղամարդը ևս մահացել է
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության մամուլի քարտուղար Ռուբեն Գրձելյանը Sputnik Արմենիային հայտնեց, որ ԱԻՆ–ի աշխատակիցներն արդեն հանգցրել են կրակը։ Գնացքի շարժակազմը Հայաստան էր գալիս Վրաստանից։ Հրդեհի բռնկման պատճառը դեռ հայտնի չէ։ Տեղում աշխատում են ընկերության աշխատակիցները, որոնք փորձում են գնահատել վնասի չափը։ Զոհեր և վիրավորներ չկան: