Հայաստանում զորակոչիկների թիվն ավելացել է. պաշտպանության փոխնախարար

Պաշտպանության փոխնախարարը խոսեց նաև հայոց բանակում պայմանագրային ծառայության նկատմամբ հետաքրքրության աճի մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik. ՀՀ ԶՈւ զորակոչիկների թիվն արդեն երկրորդ տարին է ավելացել է։ Այս մասին այսօր Կենտրոնական հավաքակետում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը։

Նշենք, որ ՀՀ ԶՈւ ժամկետային զինծառայողների զորակոչը մեկնարկել է հուլիսի 1–ին։

Ադրբեջանի սադրիչ խախտումները հակասում են ստանձնած պարտավորություններին. ԱԳՆ խոսնակ

«Պետք է հաշվի առնել, որ այս տարի տարկետում ենք տվել միջնակարգ մասնագիտական հաստատություններում սովորողներին։ Նրանք քիչ չեն, բայց նույնիսկ այդ պայմաններում զորակոչիկների քանակի աճ է նկատվում», – պարզաբանեց Բալայանը։

Ինչ վերաբերում է պայմանագրային զինծառայողներին, ապա աշխատավարձի բարձրանալուն պես ավելացել է նաև հայտերի քանակը։ Սակայն կան որոշակի չափորոշիչներ ու ցանկացողները պետք է համապատասխանեն դրանց։

Բալայանը նշեց նաև, որ սահմանամերձ շրջաններում ծառայել ցանկացողների քանակն ավելի շատ է, քան պետք է։ Սակայն սահմանին լիովին պայմանագրային ծառայությանն անցնելու հարցը դեռ չի քննարկվում։

Հայաստանը համարժեք պատասխան է տվել. փոխնախարարը` Ադրբեջանի հետ սահմանային իրավիճակի մասին

Հիշեցնենք `Հայաստանում պայմանագրային զինծառայողների աշխատավարձը 2019 թվականի հունիսի 1–ից աճել է 20%–ով։