Գուրգեն Դաբաղյանն ամուսնացել է. որտեղ են իրենց մեղրամիսն անցկացնելու նորապսակները

Գուրգեն Դաբաղյանն ամուսնացել է իրենից 12 տարով փոքր աղջկա հետ: Հարսանիքից հետո զույգը մեղրամիսը կանցկացնի Բալիում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik. Երգիչ Գուրգեն Դաբաղյանը, նույն ինքը`հայ երգի փոքրիկ իշխանը, որը 2000-ականների սկզբին հանդիսատեսի սիրտը գրավել էր հայ ժողովրդական երգերի լավ կատարմամբ, ամուսնացել է:

Երգչի ընտրյալը 19-ամյա ռուսաստանաբնակ հայուհի Իննան է: Ինչպես և սպասելի էր, հարսանիքը կազմակերպված էր հայկական ավանդական ոճով: Սկզբում Գուրգենը հարսանիքի մասնակիցների հետ գնացել է հարսի տուն և ժողովրդական երգի ներքո ընտրյալին հանձնել հարսանեկան ծաղկեփունջը:

Զույգի պսակադրությունը Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցում էր: Իսկ երեկոյան խնջույքին ներկա է եղել մոտ 450 հյուր՝ ինչպես Հայաստանից, այնպես էլ Ռուսաստանից: Հարսանիքից հետո նորապսակները մտադիր են մեկնել Բալի` մեղրամիսն այնտեղ անցկացնելու:

Նշենք, որ Դաբաղյանի կարիերայի բարձունքը հենց 2000-ական թվականներին էր: Նա ժողովրդական երգերի հայտնի և սիրված կատարող էր և մենահամերգներով եղել է աշխարհի այն բոլոր երկրներում, որտեղ հայկական համայնք կա: