ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Վրաստանի կառավարությունը մտադիր է թույլատրել իր երկրի տարածքում բեռնատարներով ցորենի տեղափոխումը. ցորենի տեղափոխման արգելքի կամ որոշակի սահմանափակումների կիրառման խնդիրը գրեթե վերացել է։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Վրաստանի տրանսպորտային միջանցքի ուսումնասիրման կենտրոնի տնօրեն Պաատա Ցագարեիշվիլին։
Ավելի վաղ հայտնում էին, որ Վրաստանի տարածքով Հայաստան եգիպտացորեն և ցորեն տեղափոխելու արգելքը հետաձգվել է մինչև 2019 թվականի հոկտեմբերի 1-ը։
«Վրաստանի համար այլևս արդիական չէ ցորեն ներկրելու արգելքի թեման։ Կառավարությունը մտադիր է փոխադրողներին ընտրության հնարավորություն տալ` հացահատիկ ներկրել ավտոճանապարհով, թե երկաթուղով», – ասաց Ցագարեիշվիլին։
Նրա խոսքով` արգելքից հրաժարվելու պաշտոնական որոշում չի եղել, սակայն հանձնարարականներն արդեն մշակվում են։ Ոչ պաշտոնական պայմանավորվածության համաձայն` փոխադրողներն իրավունք կստանան ազատ ցորեն մատակարարել Վրաստանի տարածքով։
Ցագարեշվիլին ընդգծեց, որ երկրի ֆինանսների նախարարությունը կողմ է արգելքի վերացմանը, քանի որ այն թույլ կտա մրցակցային պայմաններ ստեղծել ավտոճանապարհային և երկաթուղային բեռնափոխադրումների միջև։
Հայ ներդրողներին ձեռնտու է արգելքից հրաժարվելը
Ալյուրի արտադրությամբ զբաղվող «Մանանա Գրեյն» ընկերության տնօրեն Գուրգեն Նիկողոսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նույնպես հայտնեց, որ անկախ պաշտոնական հայտարարություններից, տեղեկություն կա, որ Թբիլիսին որոշել է վերացնել արգելքը։
«Հայ ներկրողներին ձեռնտու է արգելքից հրաժարվելը, քանի որ ցանկացած սահմանափակում կորուստների է հանգեցնում», –ասաց Նիկողոսյանը։
Հիշեցնենք` Վրաստանի իշխանությունը մտադիր էր ընթացիկ տարվա օգոստոսից արգելել իր երկրի տարածքով ցորեն տեղափոխել` «Վերին Լարսի» անցակետում բեռնատարերի կուտակումից խուսափելու համար։ Սակայն, ռուս–վրացական հարաբերություններում առաջացած ճգնաժամից հետո, հարցը կորցրեց արդիականությունը։
Ըստ Նիկողոսյանի`արգելք կիրառելու դեպքում Հայաստանը կկորցներ ամենակարճ և մատչելի երթուղին` «Վերին Լարս» անցակետը։ Այդ դեպքում ստիպված կլինեինք ցորեն ներկրել Նովոռոսիյսկից (Ռուսաստան) Փոթի նավահանգիստ (Վրաստան), այնտեղից էլ` երկաթուղով Երևան։
Մնացականյանը հենց այնպես չէր Թբիլիսի գնացել. ի՞նչ ուղերձ ունի ՀՀ ԱԳ նախարարի այցը
Մինչդեռ, ինչպես հայտնի է, մուլտիմոդալ բեռնափոխադրումներն այդքան էլ արդյունավետ չեն, այն դեպքում, երբ Հայաստանը սեփական լաստանավ չունի։
Հայաստանի համար փակ երթուղիներ
Թբիլիսին մտադիր է ավելացնել ցորենի մատակարարման ծավալները Նուր Սուլթանից (Ղազախստան)։ Այդ հարցը քննարկելու համար հուլիսին Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության ներկայացուցիչները հանդիպել են Ղազախստանի հացահատիկ և հացամթերք արտադրողների ասոցիացիայի անդամների հետ։
Սակայն Նիկողոսյանն ու Ցագարեիշվիլին համակարծիք չեն տեսակետի հետ, որ հայ թրեյդերները կկարողանան ինչ–որ բան շահել Վրաստանի և Ղազախստանի նոր պայմանավորվածություններից։ Ղազախստանից Հայաստան ցորեն տեղափոխելու համար երկու երթուղի կա, սակայն դրանք Հայաստանի համար այդքան էլ հասանելի չեն։
«Եթե նույնիսկ Վրաստանը ցորեն տեղափոխի Ղազխաստանից, ապա ցամաքային ճանապարհով այն Հայաստան պիտի հասնի Ադրբեջանի տարածքով։ Քանի որ Բաքվի հետ մենք դիվանագիտական հարաբերություններ չունենք, մեզ համար այդ ճանապարհը փակ է», – ասաց հայկական ընկերության տնօրենը։
Նշենք, որ Թբիլիսին և Բաքուն պայմանագիր են կնքել. վրացական կողմը իրավունք չունի Հայաստանին` Ադրբեջանի տարածքով տեղափոխվող բեռներ մատակարարել կամ վերավաճառել։
Թբիլիսին հետաձգել է ցորենի ներկրման արգելքը, իսկ ի՞նչ կլինի եգիպտացորենի հետ. բացառիկ
Երկրորդ երթուղին Ռուսաստանի տարածքով է անցնում և բավականին թանկ է. նախ հացահատիկը պետք է հասցնել Վլադիկավկազ, հետո`«Վերին Լարսի» անցակետով բեռնատարներով տեղափոխել մինչև «Բագրատաշենի» անցակետ, այնուհետև` երկաթգծով Երևան։ Փոխադրողներին այդ երթուղին ձեռնտու չէ, այդ իսկ պատճառով մնում է հույս դնել միայն ռուսական հացահատիկի վրա։