Վանաձորի ԲԿ-ում կատարվել է սրտի առաջին ստենտավորումը

Հայաստանի հյուսիսի բնակիչներն այլևս կարիք չեն ունենա սրտի վիրահատության համար Երևան հասնելու։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի - Sputnik. Վանաձորի ԲԿ-ում այսօր կատարվել է սրտի առաջին ստենտավորումը։ 

Համալսարանական հիվանդանոցում կնվազեցվեն սրտի ստենտավորման գները
Այս մասին Facebook սոցիալական կայքի իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Վանաձորի ԲԿ-ում հենց նոր կատարվեց սրտի առաջին ստենտավորումը։ Այսուհետ ինվազիվ սրտաբանական ծառայությունները հասանելի կլինեն Հայաստանի հյուսիսի բնակիչների համար և կարիք չի լինի դրա համար գալ Երևան»,–գրել է նա։

Նախարարը նաև հայտնել է, որ սրտի վիրահատությունը պետպատվերի շրջանակներում կլինի անհետաձգելի Stent for Life ծրագրով, ինչպես նաև սոցիալական հատուկ խմբերի քաղաքացիների համար։

Ստենտավորման ու դեղերի գները կփոփոխվեն
Հիշեցնենք, որ Stent for life ծրագիրը Հայաստանում գործում է 2015թ.-ի հունվարից: Ծրագրի չափանիշներին համապատասխանող հիվանդները ծրագրի շրջանակում (հիվանդը պետք է տարած լինի սրտամկանի ST ինֆարկտ, որը համարվում է սուր ինֆարկտի ամենածանր տեսակը՝ հայտնի որպես լայնածավալ ինֆարկտ) կարող են պետպատվերով ստենտավորում ստանալ, որը նրանց կյանքը կարող է փրկել: Ծրագրի մասնակիցներ կարող են դառնալ սոցիալական խմբերում ընդգրկված անձինք, որոնք անվճար բուժսպասարկման, այդ թվում՝ ստենտավորման իրավունք ունեն:

Ծրագիրը մեկնարկել էր Երևանի 4 բժշկական կենտրոններում, հետո ներգրավվել են այլ կլինիկաներ ևս, այդ թվում`  մարզային կլինիկաները:

Մասնագետները պնդում են, որ այդ ծրագրի ներդրումից հետո Հայաստանում ինֆարկտից մահացությունը նվազել է: