ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik, Դավիթ Գալստյան․Հայաստանի նախագահը բավականին հարմարավետ է զգում իր պաշտոնում ու առայժմ չի միջամտի ներքին քաղաքականությանը: Դա նրան թույլ կտա պահպանել քաղաքական կապիտալը, իսկ ներքաղաքական իրադարձություններին կարելի է արձագանքել «մրցավարի» կարգավիճակում:
Հուլիսի 26-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ուղերձ էր հղել ու կոչ արել համաքաղաքացիներին քննարկել երկրում առկա խնդիրներն ու տարաձայնությունները, այլ ոչ թե անձանց:
Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ Նիկոլ Փաշինյանի՝ դատարանները արգելափակելու կոչի ժամանակվանից քաղաքական տարբեր սուբյեկտներ նախագահից պահանջում էին արձագանքել երկրի քաղաքական իրադարձություններին: Պահանջներն ավելի համառ դարձան Սահմանադրական դատարանի շուրջ զարգացումների մեկնարկից հետո, երբ իշխանությունը, դատական համակարգի բարեփոխման անհրաժեշտությամբ քողարկվելով, փորձում է վերահսկողության տակ վերցնել այն:
«Ընդդիմադիր, մասնավորապես արտախորհրդարանական ուժերն ու ՀԿ-ները ևս պահանջում էին, որ նախագահը միջամտի: Արմեն Սարգսյանը չէր կարող երկար լուռ մնալ, դա որպես թուլություն կընկալվեր», - ասաց Բադալյանը:
Ըստ որում` նախագահի ներկայիս ուղերձը զերծ է հուզական արտահայտություններից: Կա հիմնական մի ուղերձ՝ ես չեմ միջամտում ներքաղաքական գործընթացներին:
Եթե Արմեն Սարգսյանը միջամտի ներքին քաղաքականությանը ու այս կամ այն հարցով հստակ դիրքորոշում արտահայտի, ապա ինքնաբերաբար կսկսի ասոցացվել կա՛մ նախկին, կա՛մ ներկայիս իշխանության հետ:
«Դա նրան ձեռնտու չէ: Որպես քաղաքական գործիչ, ամենայն հավանականությամբ, նա հույս ունի ակտիվանալ ապագայում», - ասաց Բադալյանը:
Քաղտեխնոլոգը նշեց նաև` վերջին հարցումը ցույց է տվել, որ նախագահի վարկանիշը վարչապետի վարկանիշի համեմատ աճում է: Եթե Սարգսյանը ներքաղաքական կյանք մտնի, կհաջորդի նրա ժողովրդականության անկումը:
«Նա չի պատրաստվում իր քաղաքական կապիտալը վատնել ներքաղաքական պայքարում, առավել ևս, որ այդ պայքարը ոչ թե երկրի զարգացմանն է ուղղված, այլ ուժերի շահերի սպասարկմանը` լինեն դրանք իշխանության, թե ընդդիմության ճամբարում», - ասաց Բադալյանը:
Դա չի նշանակում, որ նախագահի ակտիվացման հարմար պահ անպայման կլինի կամ դա արագ կլինի: Պայմաններ կարող են ձևավորվել 3-5 տարուց: Բայց պետք է պատրաստ լինել իրադարձությունների նման զարգացմանը:
Ավելին, Բադալյանի խոսքով, ներքաղաքական գործընթացներին չմասնակցելով` Սարգսյանն իրեն վեր է դասում գործընթացի մյուս մասնակիցներից:
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցն էլ համարում է, որ Սահմանադրությունը թույլ չի տալիս նախագահին անմիջականորեն մասնակցել ներքին գործընթացներին:
«Փաստացի նա արձանագրեց, որ քննարկումները չպետք է վերաբերեն անձանց, այլ միայն գործընթացներին: Այսինքն՝ նա տողատակով ասում է կառավարությանը, որ կարևոր է ոչ միայն նպատակը, այլև դրան հասնելու գործիքները», - նշեց Սուրենյանցը:
Քննարկումներն ավելի որակյալ մակարդակի բարձրացնելու կոչերը վերաբերում են բոլոր քաղաքական կողմերին:
Նրա խոսքով՝ երկրում չեն կարող նորմալ քննարկումներ անցկացվել, եթե դրանք ուղեկցվում են «բարիկադային» տրամադրություններով:
Այսպիսով՝ նախագահի կոչը վերաբերում է ինչպես Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությանը, որը հաճախ է դաշտը բաժանում «սևերի» ու «սպիտակների», այնպես էլ նախորդ իշխանության ներկայացուցիչներին, որոնք ամեն ինչ միայն մուգ երանգներով են գնահատում:
Սուրենյանցի կարծիքով՝ ՀՀ նախագահն այս պայմաններում որպես «մրցավար» է ներկայանում, ինչը պայմանավորված է սահմանադրությամբ նրան վերապահված դիրքով: