ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի — Sputnik. Հուրգադայում հանգիստն ընդհատելու և հուլիսի 29-ին նախատեսված չվերթով Հայաստան վերադառնալու հորդորը վերաբերում է միայն «A&R Tour» տուրօպերատորի փաթեթներով մեկնած զբոսաշրջիկներին: Այս մասին պարզաբանում է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը:
«Բոլոր այլ զբոսաշրջիկներին հորդորում ենք շարունակել պլանավորած հանգիստը»,–նշված է հաղորդագրության մեջ։
Եգիպտոսում ՀՀ դեսպանատունը երեկ հայտարարություն էր տարածել այն ուղևորների համար, որոնց թռիչքը նախատեսված է օգոստոսի 1-ին և 5-ին` հորդորելով ընդհատել հանգիստը և Հայաստան մեկնել հուլիսի 29-ին Հուրգադա-Երևան Orange2fly թիվ OTF 3701 չվերթով (Եգիպտոսի ժամով 03․00)։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հուլիսի 25–ին չվերթի չեղարկման հետևանքով ավելի քան 100 ՀՀ քաղաքացիներ մնացել էին Եգիպտոսի Հուրգադա հանգստավայրում։ Խնդիրն այն էր, որ A&R հայկական տուրօպերատորի կողմից հունական Orange to Fly ավիաընկերության նկատմամբ ունեցած ֆինանսական պարտականությունները չկատարելու պատճառով։
Թուրքական ծագմամբ «Թեզ տուրը» կրկի՞ն «գցեց» հայ զբոսաշրջիկներին. Եգիպտոսում մնացածները
Facebook սոցիալական ցանցում ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը հայտնել էր, որ կառավարությունը պատրաստակամ է վճարել ՀՀ քաղաքացիներին չարտերային թռիչքով Եգիպտոսից Հայաստան տեղափոխելու համար։
Հուլիսի 26–ին Հուրգադայում «գերի» մնացած զբոսաշրջիկներից 132–ը վերադարձան Հայաստան։