ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik, Գոռ Մարգարյան․ Այս շաբաթ պարզվեց, որ SpaceX ընկերության ղեկավար Իլոն Մասկը շատ մոտ է իր վաղեմի երազանքին, իսկ ռուսական բանակը հնարավոր է` զինվի հատուկ «տղամարդկային» հեռախոսներով։ Հիմա ամեն ինչի մասին՝ հերթով։
Ուշադրություն. դռները փակվում են, հաջորդ կայարանը՝ Մարս
Հուլիսի 26-ին SpaceX ընկերությունը փորձարկել է Starship տիեզերանավի Starhopper կոչվող հրթիռի նախատիպը։ Այն 20 մետր կտրվել է գետնից և վայրէջք կատարել հատուկ հարթակի վրա։ Փորձարկումները տևել են մոտ մեկ րոպե։
Starhopper-ի մեջ ներկառուցված է Raptor շարժիչ, որն աշխատում է հեղուկ մեթանով։ Կրող հրթիռը «բաց են թողել» SpaceX Boca Chica փորձարարական տարածքից։
Հաջող թռիչքից անմիջապես հետո ընկերության նախագահ Իլոն Մասկը հայտարարել է, որ Starhopper-ը հաջորդ թեստի ժամանակ բարձրանալու է 200 մետր։ Այս փորձարկումների հաջողությունները Մասկին ավելի են մոտեցնում իր վաղեմի երազանքին, այն է՝ մարդկանց մի խումբ ուղարկել Մարս։
Իսկ ինչ վերաբերում է Starship տիեզերանավին, ապա փորձնական թռիչքը նախատեսվում է այս տարվա աշնանը։ Այս ամենից հետո մնում է միայն և սպասել, թե երբ պիտի վերջապես մարդն առաջին անգամ ոտք դնի Մարսի վրա։
Գնիր շապիկ, կոնդիցիոները կստանաս անվճար
Հատկապես այս շոգ օրերին բոլորս էլ երազել ենք կամ երազում ենք ունենալ հովացման շարժական համակարգ, որը մեզ հետ կլինի ամեն տեղ։ Sony-ին ներկայացրել է առաջին դյուրակիր կոնդիցիոները։ Ընկերությունն արդեն փող է հավաքում նախագծի համար, որը տեղադրվելու է շապիկի օձիքին։ Այս մասին գրված է ընկերության պաշտոնական կայքում։
Կոնդիցիոներն այնքան հզոր է, որ կարող է մարմնի ջերմությունը հասցնել մինչև 23 աստիճանի։ Reon Pocket սարքում տեղադրված է Bluetooth 5.0 մոդուլ, որի միջոցով հնարավոր կլինի սմարթֆոնի օգնությամբ կառավարել սարքը։ Այն աշխատում է երկու ռեժիմով՝ տաքացման ու սառեցման, և կարող է ավտոմատ միանալ։
Նախագիծն իրագործելու համար պահանջվող ավելի քան 600 հազար դոլարից 45 տոկոսն արդեն հավաքվել է։ Թողարկումից հետո գաջեթի արժեքը կկազմի մոտավորապես 140 000 դրամ։ Արժեքում ներառվելու են սարքն ու ձեր նախընտրած չափի հատուկ շապիկը։ Սպասվում է, որ Ճապոնիայում սարքը շուկայում կհայտնվի 2020 թվականի գարնանը։
«Գերառնական» հեռախոս` միայն տղամարդկանց համար
BQ ռուսական ընկերությունը Ռազմածովային նավատորմի և օդադեսանտային զորքերի օրվա կապակցությամբ հատուկ զինծառայողների համար հեռախոս է գործարկել, որը կոչվում է BQ 2432 Tank SE։ Այս մասին հայտնում է 3Dnews-ը։
Կոճակներով սարքը լիովին համապատասխանում է ռուսական բանակում թույլատրվող պահանջներին, այսինքն` չունի ձայնագրիչ, ֆլեշ–կուտակիչ, տեսախցիկ, Bluetooth, համացանցի հասանելիություն և MMS։
«Տղամարդկային» դիզայնով հեռախոսը հատուկ այնպես է մշակվել, որ ընդգծվի ռուսական բանակին պատկանելու փաստը և ունենա առավելագույն ամրություն ու անցանց աշխատելու երկարատևություն։
Սարքն ունի երկու լապտերիկ, բարձրախոս և 2500 միլիամպերանոց մարտկոց, ինչի շնորհիվ հեռախոսն առանց հավելյալ լիցքավորման կարող է մի քանի շաբաթ շարունակ աշխատել։
Ապարատի արտաքին հատվածը պլաստիկից է, բայց ամրացված է մետաղական գամերով, իսկ սնուցման բնիկը պաշտպանված է ռետինե խցանով, որպեսզի պաշտպանի փոշուց ու կեղտից։
Այս «առնական» սարքի արժեքն էլ մոտավորապես 13 հազար դրամ է։
Տեղեկատվական տեխնոլոգիաների և նորարարությունների ոլորտում շաբաթվա ընթացքում այլ իրադարձություններ էլ են տեղի ունեցել, որոնց մասին մենք արդեն գրել ենք, այնպես որ խորհուրդ կտամ կարդալ ևս մի քանի լուր, որոնք չեն վրիպել մեր աչքից։