Կառավարությունը պատրաստ է վճարել` ՀՀ քաղաքացիներին Եգիպտոսից Հայաստան տեղափոխելու համար

Եգիպտոսում մնացած ՀՀ քաղաքացիների հարցը կարծես թե լուծվում է. կառավարությունը քննարկում է նրանց տեղափոխելու հարցը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի – Sputnik. ՀՀ քաղաքացիներին Հուրգադայից Երևան տեղափոխելու մի քանի տարբերակ է քննարկվում։ Facebook սոցիալական ցանի իր էջում այս մասին գրել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը։

«Խնդրի լուծումը գրեթե գտնվել է: Հայտնում եմ նաև, որ կառավարությունը պատրաստակամ է վճարել ՀՀ քաղաքացիներին չարտերային թռիչքով Եգիպտոսից Հայաստան տեղափոխելու համար»,– նշել է նա:

Սիսեռյանը խոստացել է մանրամասները տեղեկացնել մի փոքր ավելի ուշ:

Սիսեռյանը Sputnik Արմենիային հայտնեց, որ 2 տեղափոխում է արվելու։

«Մեկը՝ երևի այսօր, մյուսը՝ հավանաբար երկուշաբթի։ Ընդհանուր մոտ 200 զբոսաշրջիկ կա։ Քննարկվում է պահուստային ֆոնդից գումար տրամադրելու տարբերակը: Տուրիստական գործակալությունը որևէ աջակցություն չի հայտնում»,– ասաց նա:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Հայաստանից Եգիպտոս մեկնած մոտ 100 քաղաքացիներ չեն կարողանում վերադառնալ հայրենիք Հուրգադա–Երևան OTF 370 ավիաչվերթը հետաձգելու պատճառով։ A&R tour ընկերությունը տոմսեր և տուրեր է վաճառել Եգիպտոս (Շարմ էլ Շեյխ և Հուրգադա), հետո չեղարկել է բոլոր չվերթերը։

Երեկ առավոտից Հուրգադայում մնացած հայ զբոսաշրջիկների` A&R tour ընկերության հաճախորդների ազգականները հավաքվել էին ընկերության գրասենյակի մոտ։

Նրանց միացել էին այլ զբոսաշրջային գործակալությունների ներկայացուցիչներ, որոնք A&R tour–ի միջոցով փաթեթներ են ամրագրել։ Նրանք պարզաբանումներ էին պահանջում չվերթն ուշացնելու համար։