Հայաստանում 10 000 ուսուցիչ կրճատվել չի կարող. Խաչատրյանը` ուսուցիչների դեֆիցիտի մասին

Կրթության փորձագետը կարծում է, որ իր ռեալ հաշվարկով Հայաստանում հնարավոր է կրճատել 2–3 հազար ուսուցչի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի – Sputnik. Պետությունը հիմա չի կարող կրճատել 10 000 ուսուցչի, որովհետև մասնագետների դեֆիցիտ կլինի։ Այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը` անդրադառնալով համացանցում տարածվող` 10 հազար ուսուցիչների կրճատման վերաբերյալ թեմային։

«Նման որոշում չկա, և այդ կրճատումն ուղղակի անհնար է, որովհետև դպրոցներում չես կարող դրույքների և մարդկանց թիվը հավասարեցնել», – ասաց նա` հիշեցնելով, որ ուսուցիչների կրճատման թեման մեկ տարվա վաղեմություն ունի։

2018 թվականի նոյեմբերին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գեղարքունիքի մարզ կատարած այցելության ժամանակ ասել էր, որ հանրակրթության ոլորտում կա 10 հազարով ավելի աշխատող, քան դրա կարիքը կա՝ աշակերտների թվաքանակից ելնելով։ Ուսուցիչների քանակին էր անդրադարձել նաև կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ևս չէր բացառել, որ կարող են կադրային կրճատումներ լինել, բայց նշել էր նաև, որ այդ հարցում չեն շտապի՝ փորձելով ապագա գործազուրկների համար վերապատրաստվելու և մեկ այլ աշխատանքի նախապատրաստվելու հնարավորություն ստեղծել:

Կապանի դպրոցի անմխիթար վիճակը. նախարարը ելքեր է փնտրում. լուսանկարներ

Խաչատրյանի հաշվարկով` հնարավոր է կրճատել միայն 2–3 հազար ուսուցչի։

«Հիմնականում հայոց լեզվի և մաթեմատիկայի ուսուցիչներն են շատ, որոնց միգուցե կարելի լինի կրճատել, սակայն այդ կարիքը դեռ չկա։ Աշխարհում այսօր նկատվում է ուսուցիչների դեֆիցիտ, և այսպիսի քայլերով Հայաստանում էլ մենք կհանգենք այդ խնդրին, եթե լուծում չտրվի»,– ասաց նա։

Կրթության փորձագետը կարծում է, որ ուսուցիչ դառնալու համար շատ կարևոր են խրախուսման մեխանիզմները։

«Մենք չենք խրախուսում երեխաներին, ոչ մի մեթոդ չենք կիրառում, և երեխաներն արդեն մեծ տարիքում` 10–11–րդ դասարաններում, ստանում են ավելի պրագմատիկ։ Նրանք մտածում են` ես ավելի լավա գնամ խոպան, քան թե ցածր աշխատավարձով ուսուցիչ աշխատեմ,– ասաց Խաչատրյանը։

Հիշեցնենք, որ այս տարվա սեպտեմբերին Արայիկ Հարությունյանը Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղի դպրոցում լրագրողներին ասել էր, որ «Ուսուցիչ» ծրագրով հաջորդ տարի նախատեսում են մանկավարժների վերապատրաստում, ինչի արդյունքում ուսուցիչների աշխատավարձը կբարձրանա: